Վաղը հայ հասարակությունը կթաղի ժողովրդավարության խրտվիլակը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, ով իր խոսքն սկսել է քաղաքական դիակների սպասման մասին հայտարարելով:
Նրա խոսքով վաղը դիակ ու թաղում է լինելու, քանի որ դժվար է դիակը թողնել առանց թաման:
«Ուզում եմ ձեզ հիասթափեցնել, խոսելով դիակի մասին՝ մարդկանց նկատի չունեմ, նկատի ունեմ ներկայացուցչական ժողովրդավարական խրտվիլակը: Հույս ունեմ, որ դա վաղը թաղման կենթարկվի, որովհետեւ կարող է լինել կա՛մ ներկայացուցչություն, կա՛մ ժողովրդավարություն: Պետք է հասկանանք, որ դա մեզ հետ կապ չունի, դա կապիտալի կառավարման համակարգն է, որը մեկ ֆունկցիա է իրականացնում՝ ժողովրդի հիմարացում, երկրների կողոպուտ: Ես կարծում եմ, որ վերջ կտանք այդ համակարգին, կկերտենք նորը: Մեզ պետք է այդ անցումը վերջնականապես կատարել՝ ներկայացուցչական ժողովրդավարությունը թողնելով այն երկրներին, որոնք գտնվում են մոլորությունների շրջանում»,-ասել է նա՝ հավելելով, որ դա է թելադրում նոր համակարգի կառուցման անհրաժեշտությունը, քանի որ հասարակությունը պահանջում է նման փոփոխություն եւ դրան հասնել կարելի է կառավարման համակարգի փոփոխմամբ:
Ինչ վերաբերում է նոր համակարգի լեգիտիմությանը, ապա այն լեգիտիմ է, քանի որ դրան հավանություն է տվել Պերսեպոլիսը: «Հայաստանում դարեր ի վեր լեգիտությունը որոշել է Պերսեպոլիսը, որն, իհարկե, ժամանակի ընթացքում փոփոխվել է: Պերսեպոլիսին փոխարինել են Կոստանդնուպոլիսը, Մոսկվան... Եվ այսպես, Պերսեպոլիսի տեսանկյունից ամեն ինչ նորմալ է, նա հավանություն է տվել Հայաստանում արձանագրված ընտրությանը, բայց մեր հասարակության համար դա անբավարար է»,-նշել է Մանուչարյանը, հավելելով, որ նոր համակարգը պետք է դառնա «ժողովրդական ժողովը», որը Հայաստանում գործել է 1980-ականների վերջին, ղարաբաղյան շարժման ժամանակ:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























