Հայաստանի նախագահական ընտրություններում ընտրազանգվածի մի մեծ հատված նպատակահարմար է գտել իր ձայնը տալ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով արդյունքում մարտահրավեր է նետել իշխող համակարգին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, մամուլի ասուլիսում նշել է «Առաքելություն» նորաստեղծ կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը:

Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կազմակերպվելիք «Նոր Հայաստանի երդմնակալությանը», Մանուկ Սուրքասյանը կարծիք հայտնեց, որ դա անհասկանալի եւ անընդունելի է: «Ցավոք, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա կողմնակիցները վարչական ռեսուրսներ չունեն, ուստի երդմնակալության անցկացումը նրանց կողմից անիմաստ է թվում»,-ամփոփել է «Առաքելության» անդամը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների՝ ԿԸՀ կողմից հրապարակված արդյունքներով, Սերժ Սարգսյանն ստացել է 58,64, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 36,75 տոկոս ձայն: Րաֆֆի Հովհաննիսյանը չի ճանաչել ընտրությունների արդյունքները եւ վաղը պատրաստվում է սեփական «երդմնակալության» արարողությունն անցկացնել, որը կոչում են «Նոր Հայաստանի երդմնակալություն»:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am