Հայաստանի ոստիկանությունն արձագանքել է «Ժառանգություն» կուսակցության շտաբի հայտարարությանը՝ կապված իրենց իրազեկման թերթիկները պոկելու հետ:

Ոստիկանության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ժառանգության» շտաբը հայտարարություններ է տարածել, թե ինչ-որ անձինք պոկել են իրենց իրազեկման թերթիկները, թե ոստիկանության ծառայողները խոչընդոտում են մայրաքաղաքի բնակիչներին այս կամ այն միջոցառումներին մասնակից լինել, եւ այլն, եւ այլն: Շտաբը, միեւնույն ժամանակ, ոստիկանությունից պահանջում  է պատասխանատվության ենթարկել նման անձանց եւ հիշեցնում ոստիկանության պարտականություններն ու գործառույթները:

Ոստիկանությունը հստակ գիտի իր պարտականությունները եւ գործառույթները, որոնք իրականացնում է օրենքի շրջանակներում` նույնը պահանջելով  նաեւ օրենքի անունից հանդես եկող, բայց օրենքը չհարգողներից, մասնավորապես, իրազեկման պաստառները դրանց համար չնախատեսված տեղերում փակցնողներից:

Օրենքը, կրկնում ենք, հավասարապես բոլորի համար է: Նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ ոմանք շրջանառության մեջ են դնում անհիմն, անփաստարկ, մտացածին հայտարարությունների մեխանիզմը, որի միակ նպատակը  քաղաքացիներին ապակողմնորոշելն ու կասկածի եւ թերահավատության մթնոլորտ ստեղծելն է:

Հստակ գիտակցելով հանդերձ, թե ինչը ինչու եւ ինչպես է արվում, ոստիկանությունը, ապահովելով օրենքի տառը եւ առանց որեւէ մեկի պահանջի կամ հորդորի, երբեք անտես չի առել եւ այսօր էլ ընթացք է տալիս օրինախախտման բոլոր դեպքերի քննությանը:

Մասնավորապես, ապրիլի 7-ին, ժամը 23.30-ին, «Ժառանգության» ներկայացուցչից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապրիլի 6-ին եւ ապրիլի 7-ին, Արաբկիրի վարչական տարածքում նախատեսված վայրերում, իրենց կողմից փակցվել են «Ժառանգություն» կուսակցության` ապրիլի 9-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման պաստառներ, սակայն անհայտ անձինք պաստառներից պոկել են շուրջ քսանհինգը եւ պատճառել նյութական վնաս: Կատարվում է քննություն:

Միաժամանակ հայտնում ենք, որ ապրիլի լույս 8-ի գիշերը մայրաքաղաքի որոշ վարչական տարածքներում հասարակական վայրերի օգտագործման կանոնները խախտելու կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է վարչական վարույթ:

Իսկ ինչ վերաբերում է լրատվամիջոցների հրապարակմանը, որտեղ նշվում էր «մի քանի գյումրեցիների» քայլերթը խոչընդոտած ոստիկանների մասին, ապա ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ միջադեպի իսկությունն ու հանգամանքները ճշտվում են, եւ հավաստիացնում ենք, որ իրողությունը հաստատվելու դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»: