Ապրիլի 9-ին Յանոշ Սանթոն, ով Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու համակարգողն է եւ Երեւանի կենդանաբանական այգու Կենդանաբանական այգիների եւ ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) ուսուցիչը (մենթոր) կայցելի Երեւանի կենդանաբանական այգի, որպեսզի հետեւի, թե ինչպես է ընթանում այդ հաստատության վերափոխման գործընթացը:

Որպես EAZA-ի թեկնածու անդամ՝ Երեւանի կենդանաբանական այգին հնգամյա ժամանակահատվածում պետք է համապատասխանի Ասոցիացիայի ուղեցույցներով սահմանված կենդանիների բարեկեցության, անասնաբուժական, բազմացման եւ կրթական չափանիշներին:

Յանոշ Սանթոյին ուղեկցում են նրա երկու գործընկերները՝ Անաթալ Պերլինը եւ Ֆրանկ Վերստապենը: Անաթալ Պերլինը «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու կառավարման թիմի անդամ է եւ պատասխանատու է կրթության, մարկետինգի եւ մամուլի համար: Նա խորհրդատվություն է տրամադրելու Երեւանի կենդանաբանական այգում մամլո եւ հաղորդակցության հարցերով զբաղվող թիմին՝ թե ինչպես մշակել արդյունավետ ռազմավարություն՝ ուղղված հասարակայնությանը եւ լրատվամիջոցներին:

Ֆրանկ Վերստապենը «Արտիս» թագավորական կենդանաբանական այգում աշխատում է որպես անասնաբույժ: Նա մասնագիտացած է թռչունների եւ սողունների բուժման բնագավառում: Այցի ընթացքում նա կստուգի ոչ միայն Երեւանի կենդանաբանական այգու անասնաբուժական պայմանները, այլ նաեւ լրացուցիչ սեմինար կանցկացնի Այգու անասնաբուժական բաժնի աշխատակիցների համար: Այս սեմինարին կմասնակցեն նաեւ Թբիլիսիի կենդանաբանական այգու անասնաբույժները: Թբիլիսիի կենդանաբանական այգին 2012 թվականին եւս ստացել է EAZA թեկնածու անդամակցություն: Նշված մասնագետներն իրենց հետ բերելու են դեղամիջոցներ եւ գործիքներ նոր անասնաբուժական կառույցի համար, որը կառուցվելու է Երեւանի կենդանաբանական այգում մինչեւ այս տարվա վերջ: Այս ամենը «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու նվիրատվությունն է Այգուն՝ երկու հաստատությունների համագործակցության շրջանակներում: Սկսած 2011 թվականից «Արտիս» թագավորական կենդանաբանական այգին նվիրաբերել է ծառայություններ, սարքավորումներ, դեղամիջոցներ մոտ 75.000 եվրո արժողությամբ:

Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը մեկնաբանում է այցը. «Շարունակական համագործակցությունը եւ փորձի փոխանակումը EAZA մենթոր Յանոշ Սանթոյի եւ իր գործընկերների հետ, ինչպես նաեւ «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանի հետ չափազանց արժեքավոր է Երեւանի կենդանաբանական այգու զարգացման համար: «Արտիսի» թիմը միշտ հասանելի է, երբ մեզ անհրաժեշտ է խորհրդատվություն եւ աջակցություն: Այդ աջակցությունը ոչ միայն արագ խորհրդատվությունն է, այլեւ անասնաբուժական դեպքերի գործնական միջամտությունն է, EAZA ուղեցույցների վերաբերյալ հարցերի, այգու կառավարման եւ այգու գլխավոր հատակագծի խորհրդատվությունը: Մենք բարձր ենք գնահատում «Արտիսի» աջակցությունը եւ շնորհակալություն ենք հայտնում ինչպես Երեւանի կենդանաբանական այգու, այնպես ել Քաղաքապետարանի եւ Հայաստանի քաղաքացիների կողմից»: