Ապրիլի 5-ի կեսգիշերին վթարի ենթարկված նախկին պատգամավոր Զ. Զոհրաբյանի մամուլի ծառայությունը ոստիկանությանը խնդրում է օբյեկտիվ նախաքննություն եւ շուտափույթ բացահայտում: Այս մասին ասված է նրանց տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ նախկին պատգամավորի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել,որով հորդորել էր զերծ մնալ դեպքին քաղաքական գնահատականներ տալուց, մասնավորապես նշել՝ որ մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զ. Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փասը, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ոչ հերքել, ոչ հաստատել են` թողնելով գործի բացահայտումն իրավապահներին:
«Սակայն ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի, փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ դեռ նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ այլ դեպքերում ոստիկանության օպերատիվ աշխատանքների շնորհիվ բացահայտվում են հանցագործությունները, սակայն այս դեպքում ինչ որ բան խանգարում է ոստիկանությանը բացահայտել ավտովթարի հանգամանքները, ինչը տեղիք է տալիս մտածելու, որ ոստիկանությանը ինչ որ բան խանգարում է:
Զերծ մնալով արդեն ոստիկանության աշխատանքներին քաղաքական գնահատական տալուց, Զ. Զոհրաբյանի մամուլի ծառայությունը ոստիկանությանը խնդրում է օբյեկտիվ նախաքննություն եւ շուտափույթ բացահայտում:
Իսկ այս պահին տեղեկացնում ենք, որ նախկին պատգամավորի առողջական վիճակը կայուն է: Գիտակցության է եկել եւ այժմ գտնվում է դեղորայքային կոմայի մեջ»,- ասված է նրանց տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի է ենթարկվել նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: Զոհրաբ Զոհրապյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` գանգուղեղային տրավմա, կրծքավանդակի սալջարդ վնասվածքներով: Փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):




























