«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում հանդես է եկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված հարցումով՝ կապված «Ժառանգության» անդամների կողմից թռուցիկների տարածումը խոչընդոտելու հետ:

Հարցումում ասվում է.

«Ապրիլի 7-ին Երեւանում մի խումբ երիտասարդների կողմից  ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, Ազատության հրապարակում «հանուն Նոր Հայաստանի  երդմնակալության» իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտվել է երկու անհայտ անձանց կողմից, որոնք մոխրագույն «Լադա» մակնիշի 20 UU 093 համարանիշի ավտոմեքենայով հետեւել են նրանց եւ պատռել նրանց կողմից փակցված գրեթե բոլոր իրազեկման նյութերը:

Նույն օրը՝ ժամը մոտ 23:00-ին, օրինախախտների ծավալած գործունեության մասին հաղորդում տալու նպատակով, երիտասարդները գնացել են Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժանմունք եւ ոստիկանության բաժանմունքում հայտնաբերել են նույն «Լադա» մակնիշի 20 UU 093 համարանիշի ավտոմեքենայի եւ նրա  մեջ գտնվող երկու անհայտ անձանց, ովքեր, նկատելով իրենց արդեն ծանոթ երիտասարդներին, դիմել են փախուստի:

Խնդրում եմ հայտնել.

• Ու՞մ է պատկանում  «Լադա» մակնիշի 20 UU 093 համարանիշի ավտոմեքենան եւ ո՞վքեր են ոստիկանական համազգեստ կրող այդ երկու անհայտ անձինք:

• Ինչու՞ ոստիկանության աշխատակիցները մեր ակտիվիստների՝ այդ մեքենան կանգնեցնելու հորդորներին ի պատասխան ոչինչ չձեռնարկեցին:

• Ինչպե՞ս եղավ, որ առանց հետեւի համարանիշի մեքենան առնվազն մի քանի ժամ անխոչընդոտ երթեւեկում էր Երեւանի փողոցներով»: