Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը, անհագստացած այն հանգամանքով, որ Թուրքիայի արեւելյան շրջաններում ցանկանում են առանց նախապայմանների բացել Հայաստանի հետ սահմանը, սկսել է նոր տերմիներ եւ թուրքական ցեղասպանության թեմաներ հորինել եւ ձեռքի հետ էլ մի քանի ադրբեջանական արմատներով Թուրքիայի քաղաքացիներից ավել քվե ստանալ:

1.5 միլիոն հայերի Ցեղասպանությունը մերժողները արդեն զառանցում են եւ ինչ-որ «Թուրքական ցեղասպանություն` Խոջալուում» անունով քննարկում են կազմակերպել հայերի պատմական մայրաքաղաքներից մեկում` Կարսում:

Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը, թերեւս ավելի ճիշտ կաներ, եթե ուսումնասիրեր ադրբեջանցի այն լրագրողների վկայությունները, թե ինչպես են Խոջալուում ազերի զինվորներն իրենց հայրենակիցներին կոտորում, դիակները խոշտանգում եւ այնուհետ դա վերագրում հայերին: Օքթայ Վուրալին հետաքրքիր կլինի իմանալ, թե այդ ամենին ականատես ադրբեջանցի լրագրողները ինչու իրար հետեւից անհայտ հանգամանքներում սպանվեցին, ոչ թե Կարսի օդանավակայանում հայտարարեր, թե հայերը Խոջալույում «ցեղասպանություն» են արել եւ կոտորել հազարավոր ադրբեջանցիների:

Վուրալը փետրվարի 19-ին Կարսում կոչ է արել թուրքական իշխող կուսակցությանը. «Հեյ, „Արդարություն եւ զարգացում“ կուսակցություն, ետ կանչիր թուրքական խորհրդարանից Կարսի պայմանագիրը չընդունող եւ Արեւելյան Անատոլիան Արեւմտյան Հայաստան համարող արձանագրությունները: Դրանք ամոթալի փաստաթղթեր են»:

«Մենք շարունակելու ենք ջրի երես հանել „Արդարություն եւ զարգացում“ կուսակցության իրական դեմքը եւ այս դիմակային քաղաքականությանը վերջ ենք տալու: Իշխող կուսակցությունը այս արածների գինը քվեատուփի մոտ է վճարելու: „Արդարություն եւ զարգացում“ կուսակցությանը եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ոչինչ չի փրկելու»,- նշել է Օքթայ Վուրալը:

Ի դեպ, թուրք ազգայնականները երեւի չեն դիտել իրենց հանգուցյալ առաջնորդ Թյուրքեշի խոսքերի տեսագրությունները, ով, ըստ թուրքական մամուլի, Հայաստանին այնպիսի պայմաններ էր առաջարկում, որ ներկայիս թուրք իշխանությունները ռիսկ չեն անի նույնիսկ մտածել: Օրինակ` Թյուրքեշը խոստանում էր Հայաստանին տրամադրել նավահանգիստ Սեւ ծովում:

Ազգայանականների համաժողովը Կարսում անցկացնելը կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ Թուրքիայի նահանգներից ամենաշատը հենց այստեղ են ցանկանում, որ առանց նախապայմանների բացվի Հայաստանի հետ սահմանը: Սրա մասին նույնիսկ բազմաթիվ թուրքական հեռուստաընկերություններ են ռեպորտաժներ պատրաստել: Իսկ երբ հայ-թուրքական արձանագրությունների դեմ Կարսում ազգայնականները ցույց էին կազմակերպել` մասնակիցների քանակը չի հասել նույնիսկ 10 հոգու: