Այսօր` ապրիլի 9-ին, կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալությանը ներկա լինելու համար Հայաստանի եւ արտերկրի բարձրաստիճան պաշտոնյաններ, պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, արվեստագետներ եւ այլ հայտնի մարդիկ ժամանում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր:
ԱԺ հատուկ նիստին ներկա են նաեւ բազմաթիվ ԲՀԿ-ականներ, որոնք նշեցին, որ կուսակցությունը մասնակցել-չմասնակցելու մասին որոշում չունի, եւ իրենք իրենց որոշմամբ են ներկա: Մարզահամերգային համալիրում են, մասնավորապես, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, Կարո Կարապետյանը, Մուշեղ Պետոյանը, Տիգրան Ստեփանյանը, Դավիթ Քոչարյանը, Արագած Ախոյանը, Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար ժամանել է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը: Նա հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե հանդիպումներ է ունենում հայաստանյան քաղաքական շրջանակնների հետ, ինչպես նաեւ իր` վարչապետ նշանակվելու մասին լուրերը:
Մինչ հյուրերը ժամանում են, ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիան պառկել է Մարզահամերգային համալիրի աստիճանների ներքում: Նրա վրա կա պոլիէթիլային տոպրակ, որի վրա փակցված է զոհված զինվորի նկար։ Ոստիկանները փորձում են համոզել դադարեցնել ակցիան, իսկ «ՀՀԿ-ական տատիկի» համբավ ունեցող կինը նրանց հորդորում է վերջինիս «հավաքել, տանել»:




























