Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ապրիլի 8-ին ընդունել է Եվրասիական Զարգացման Բանկի հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն Սերգեյ Իգնատովին։

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ԵԶԲ մասնակցությունը:

Ս. Իգնատովը  ներկայացրել է բանկի գործունեությունը Հայաստանում, ապա նաեւ տեղեկացրել, որ ԵԶԲ փորձագիտական խորհուրդը հաստատել է ՀՀ կառավարության ներկայացրած հայտը՝ ԵԶԲ հակաճգնաժամային հիմնադրամից մինչեւ 100 մլն ԱՄՆ դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հարավային որեւէ հատվածի նախագծման, շինարարության եւ տեխնիկական վերահսկողության աշխատանքների  իրականացման համար:

Գագիկ Բեգլարյանը ներկայացնելով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ներկա ընթացքը նշել է, որ մինչեւ տարեվերջ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կավարտվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի արդեն անցնել նախագծի իրականացման հաջորդ փուլերին։

Կարեւորելով «Հյուսիս Հարավ» ճանապարհի, մասնավորապես՝ դեպի հարավ գնացող հատվածի շինարարությունը, նախարարն ընդգծել է, որ պետք է միավորել ջանքերը՝ ԵԶԲ-ին հնարավորինս շուտ այդ  ծրագրում ներգրավելու համար։