Արտաքին քաղաքականության ասպարեզում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը մնում եւ մնալու է մեր առաջնահերթությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վերջնական լուծման: Այդ մասին այսօր` ապրիլի 9-ին կայացած երդմնակալության արարողությանը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Միաժամանակ մենք հետեւողականորեն աշխատելու ենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Այստեղ մենք չենք թերագնահատում միջազգային որեւէ գործոն, մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց մենք պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին: Հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու եւ խաղաղությունը պահպանելու կարեւորությունը քննարկման առարկա չէ»,- նշել է նախագահը:

Նա նկատել է, թե իրենք երբեք չենք ահաբեկել սեփական ժողովրդին պատերազմով: «Առավել եւս չենք օգտագործել այդ հարցը իբրեւ պատրվակ՝ լռեցնելու համար ընդդիմադիրների ձայնը: Բայց մեր պարտքն ենք համարել անկեղծորեն եւ իրատեսորեն ասել, որ նման վտանգ գոյություն ունի»,- արձանագրել է նախագահը:

Վերջինիս խոսքով, պատերազմ չտեսած եւ անպատասխանատու մարդիկ կարող են դրա հնարավորությունը դարձնել ցինիկ եւ ստորաքարշ շահարկումների առարկա: «Ես նրանցից չեմ. ես գիտեմ եւ՛ ընկերոջ կորստի, եւ՛ հաղթանակի բերկրանքի գինը, դողացել եմ զինվորի կյանքի համար, նաեւ հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար: Ուստի Հայաստանի ժողովրդից ստացած վստահության քվեի ուժով հայտարարում եմ՝ մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն, միաժամանակ, պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավերի: Ընդգծում եմ չըմբռնողների համար՝ յուրաքանչյուր մարտահրավերի»,- նշել է Սարգսյանը: