Պարտադրանք, բռնություն, ահաբեկում, պատերազմ՝ սրանք են իրականության վերաբերյալ մեր հակառակորդի պատկերացումները: Այն իրողությունները, որ նրանք պարտադրում են սեփական ժողովրդին, նաեւ ցանկանում են պարտադրել մեզ: Այդ մասին այսօր` ապրիլի 9-ին կայացած երդմնակալության արարողությանը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք նրանց այդ պայմանները մերժել ենք, եւ դրանք երբեք չենք ընդունելու: Մենք այլ իրականություն ենք կերտում. ինչպես արդեն ասացի՝ տնտեսական վերելք, օրենքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում: «Հայաստան» անունը առաջին հերթին պետք է զուգորդվի սրա՛նց հետ: Հենց սրանք են մեր հակափաստարկները, որ ներկայացնում ենք ինչպես մեր հակառակորդներին, այնպես էլ ողջ աշխարհին»,- ասել է Սարգսյանն ու հավելել. «Մենք մեր հարեւաններին առաջարկել ենք համամարդկային արժեքների վրա խարսխված արժանապատիվ խաղաղություն: Բայց անցած տարիների փորձը ցույց տվեց, որ նրանք պատրաստ չեն ընդունելու այդ առաջարկը: Որքան ավելի բարդ պայմաններ են նրանք, իրենց կարծիքով, ստեղծում մեզ համար, այդքան ավելի ուժեղ ենք մենք դառնում: Եվ դա ավելի տեսանելի է լինելու»:
Ըստ Սարգսյանի, այսօր որքան անհավասար են մեր արտահանման պայմանները, այդքան ավելի ջանք մենք պետք է ներդնենք՝ հավելյալ արժեք պարունակող ապրանքներ ստանալու համար. «Ներդնենք, որպեսզի ստանանք համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք ու ծառայություններ»:
«Մեր հիմնական առավելությունը մեր ժողովրդի, մեր մարդկանց նախաձեռնողականությունն ու տաղանդն է: Ժամանակակից տեխնոլոգիաների բնագավառում աշխատող մեր տղաներն ու աղջիկները մեր զինվորների պես ամուր են պահում մեր երկրի անվտանգությունը: Իսկ նրանց հետ՝ նաեւ յուրաքանչյուր մարդ, ով ազնիվ աշխատում եւ արդյունք է տալիս:
Մեր հիմնական խնդիրն է՝ ավելացնել այդպիսի մարդկանց համար դրսեւորվելու ուղիները: Տա՛նք մարդկանց հնարավորությունը՝ մնացած ամեն ինչ նրանք ինքնուրույն կանեն, կարարեն, կստեղծեն, կզարգացնեն:
Նաեւ այդ նպատակով մենք պետք է ապահովենք Հայաստան-սփյուռք գործակցության դինամիկ զարգացումը: Ես վստահ եմ՝ մենք միասին կարող ենք շատ ավելին անել: Մենք պետք է առավելագույնս ներգրավենք սփյուռքի ներուժը, առաջին հերթին՝ մարդկային կապիտալը: Մրցունակ եւ զարգացման տանող յուրաքանչյուր ներդրումային ծրագիր կստանա Հայաստանի Հանրապետության իշխանությունների աջակցությունը»,- նկատել է նա:




























