Եթե Սերժ Սարգսյանն այսօր կեղծ երդում տվեց սուրբ աստվածաշնչի վրա՝ Գարեգին Բ-ի հանցակցությամբ, ապա ես չեմ ճանաչում այդ երդումը եւ նրա իշխանությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում, հայտարարել է ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը (ֆոտոռեպորտաժ):

«Այստեղ, Ազատության հրապարակում չկա կեղծություն եւ սուտ, չկա 30 արծաթ, այլ կանգնած է հայ ժողովուրդը, որը հաղթել է փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում: Բոլոր քաղաքական գործիչները ոչինչ են. Րաֆֆին, Լեւոնը, Ռոբերտը, Սերժը ում շունն են ժողովրդի կամքի առջեւ, որը դրսեւորվել է եւ այդ կամքը պետք է իրականանա»,-ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը մինչեւ այսօր ժամը 18:00-ին ժամանակ ունի, որպեսզի ճանաչի ժողովրդի հաղթանակը եւ Ազատության հրապարակում շնորհավորի ժողովրդին:

«Մեր հայրենիքը, մեր ժողովուրդը արդեն ազատագրվել է ձեր ստից ու ապօրինի իշխանությունից: Նա արդեն հաղթել է, մենք այլեւս ձեր ստրկումները չենք»,-ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ դիմելով Սերժ Սարգսյանին: