«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 9-ին տեղի են ունեցել գործարքներ բաժնետոմսերի հարթակում: Մասնավորապես՝ վաճառվել է «Զարգացման հայկական բանկի» բաժնետոմսերի մեծ խմբաքանակ: Մեկ գործարքի արդյունքում վաճառվել է 56.7 հազ. հատ բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 4880 դրամով: Սա բաժնետոմսերի ընդհանուր քանակի մոտ 7%-ն է, հետեւաբար՝ ձեռքբերողը նշանակալի մասնաբաժին է ստանում բանկի կանոնադրական կապիտալում:

Նշենք, որ բաժնետոմսերը վաճառվել են իրենց անվանական արժեքից (5500 դրամ) զգալի էժան: Գործարքի ընդհանուր արժեքը 277 մլն դրամ է (մոտ 660 հազ. դոլար):

Հիշեցնենք, որ «Զարգացման հայկական բանկն» ունի 76 բաժնետեր: Բանկի բաժնետոմսերի նշանակալի սեփականատեր են հանդիսանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ մոտ 20%, Արայիկ Մեխակյանը՝ մոտ 17%, Գրիգոր Տերմենջյանը՝ 16%: Առայժմ հայտնի չէ, թե այդ գործարարներից ով է բաժնետոմսեր վաճառողը: Նշենք սակայն, որ վերջին ամիսների ընթացքում սա բանկի բաժնետոմսերի մեծ խմբաքանակի վաճառքի առաջին դեպքը չէ: