NEWS.am-ի տեղեկություններով, երեկ` ապրիլի 9-ին, ոստիկանները հայտնաբերել ու ձերբակալել են Երեւանի Տերյանի փողոցում 19-ամյա Տիգրան Հայրապետյանին դանակահարության մեջ կասկածվող անձին: Պարզվել է` նա 11-րդ դասարանի աշակերտ է, անունը՝ Հայկ: Վերջինս սովորում է Երեւանի թիվ 3 դպրոցում:
NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանությունից: Այլ մանրամասներ չեն հայտնել, միայն նշել են, որ կատարվում է նախաքննություն
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Տերյանի փողոցում, Ազգային գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում կրծքավանդակի շրջանում ստացած դանակի հարվածից մահացել է 19-ամյա Տիգրան Հայրապետյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր ոստիկանության լրատվական ծառայությունից: Ժամը 15.45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել Տերյան փողոցից, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է: Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը 1994թ-ին ծնված Տիգրան Հայրապետյանն է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կենտրոնի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն:




























