Միջազգային հանրությունը բազմիցս հայտնել է իր սկզբունքային դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: Այդ մասին հայտարարել է հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը` ապրիլի 10-ին Երեւանում Սլովակիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսում:
Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ նշված դիրքորոշումը համընկնում է պաշտոնական Երեւանի դիրքորոշման հետ: «Այդ երկու հարցերը շաղկապելու փորձերը կարող են վնասել երկու գործընթացներին»,- ընդգծել է Նալբանդյանը: Նրա խոսքով, կարող է տպավորություն ստեղծվել, որ թուրքական կողմը միտումնավոր փորձում է շաղկապել հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան կարգավորումը` խանգարելով միջազգային հանրության եւ Հայաստանի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման փորձերին:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները չեն վավերացվել թուրքական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























