«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեկնաբանել է երեկ` ապրիլի 9-ին, Երեւանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունները, երթի մասնակիցների բաժանումը երկու մասի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչեցվող մեղադրանքները:

Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ երբ մարդկանց բերման էին ենթարկում, քաշքշոց էր, ծեծկռտուք եւ ընդհարում, այդ ամենի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց առաջին գծում էր, ինքը ժողովրդին գլխավորելով գնաց դեպի Բաղրամյան պողոտա: «Երբ այդ ամենն ավարտվեց եւ հանդարտվեց, բանակցություններ տեղի ունեցան ոստիկանության հետ այլ երթուղով Ծիծեռնակաբերդ գնալու մասին, իսկ դուք գիտեք, որ Բաղրամյանը ընդամենը երթուղի էր լինելու դեպի Ծիծեռնակաբերդ գնալու, նստավայրի առջեւ կանգնելու խնդիր չէր դրվել: Այդ ժամանակ ինքը ժողովրդի հետ միասին, մոտ 5000-6000 հոգի, իր հետ գնացին Ծիծեռնակաբերդ, ընդամենը 1000-2000 հոգի էր մնացել Բաղրամյանում, ինքն այնտեղ մոմ վառելուց հետո  վերադարձավ, ամեն դեպքում ծրագրված եւ հայտարարված ակցիան անելուց հետո վերադարձավ դեպի Բաղրամյան հենց այդ հատված, որտեղ ժողովրդի հետ միասին հասան նրան, որ թույլ տրվեց ժողովրդին քայլել այն երթուղով, որով մի մասն ուզում էր անպայման սկզբունքորեն անցնել»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:

Հարցին, թե նորմա՞լ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի մի մասին թողել էր Բաղրամյան պողոտայում բախումների մեջ, իսկ ինքը ոստիկանապետի հետ գնացել էր Ծիծեռնակաբերդ` մոմ վառելու, մամուլի խոսնակը պատասխանեց, որ երբ բարձրախոսով հայտարարվեց, որ գնում են Սարյան փողոցով, մեծ մասը լսեց եկավ, մի մասը, որը հեռու էր կանգնած, չլսեց: Նրա փոխանցմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը չէր իմացել, որ Բաղրամյան փողոցում մարդիկ են մնացել, երբ իմացավ այդ մասին, նորից վերադարձավ Բաղրամյան պողոտա: Հովսեփ Խուրշուդյանը վստահեցրեց, որ իրենց մի խումբ ներկայացուցիչներ մշտապես Բաղրամյան փողոցում է եղել, սկզբից ինքն էր այնտեղ, հետո Զարուհի Փոստանջյանը, «այնպես չէր, որ ժողովուրդը մնացել էր ինքն իրենով»:

«Մեղադրանքները գիտեմ, որ կողմից են ուղղորդված, ովքեր ինչ նպատակով են դա անում եւ նենգափոխում իրողությունները, ծաղկացնում ինչ-որ բաներ»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը`  շեշտելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին թողել էր մենակ այն ժամանակ, երբ մթնոլորտը, լարվածությունը էապես թուլացել էր:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am