Երբ Երեւանում ընտրված եւ չընտրված նախագահները երդվում էին, դա զվարճալի ներկայացում էր հիշեցնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, մամուլի ասուլիսում նշեց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ հավելելով. «Րաֆֆիի ելույթի մեջ լավ բաներ կային, բայց ջուրն ավելի շատ էր»:

Իսկ ահա Սերժ Սարգսյանի ելույթում, Հախվերդյանը նկատել է, որ խոսել է բացակա հայացքով եւ անգիր արած տեքստով: «Ինքը նախկինում, երբ ասում էր «Առաջ Հայաստան», բավականին հետ գնացինք: Հիմա, որ ասում է «Ապահով Հայաստան» ես հասկանում եմ, որ շատ անապահով Հայաստանում պետք է ապրենք»,- նշեց Ռուբեն Հախվերդյանը:

Ասուլիսի ընթացքում նա նաեւ ասաց, որ քաղաքական դաշտն այնքան են շահարկել, որ դաշտանի է վերածվել:

Ինչ վերաբերում է քաղաքապետի ընտրություններին, Հախվերդյանն ասաց, որ քաղաքապետ պետք է լինի մի մարդ, ով քաղաքային տնտեսությունից հասկանում է, ոչ թե լավ կամ վատ մարդ է: «Այս քաղաքի մեջ այնքան են թրքել, որ տեսքի բերելու համար տնտեսական աշխատանք պետք է տարվի»,-ընդգծեց Հախվերդյանը՝ հավելելով, որ հասարակությունն այնքան տգետ է, որ տեղն է, որ Սերժ Սարգսյանը նրանց կառավարի, թեեւ կարծում է, որ լավ երիտասարդություն եւս ունենք:

Հարցին, թե իրավիճակից դուրս գալու ելք տեսնո՞ւմ է, Հախվերդյանը պատասխանեց, որ մի երկու ժամ չի կարողացել քնել, շուռումուռ է եկել, որովհետեւ չի հասկացել, թե ինչ պետք է անել:

Նա նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանը հրաշալի մարդ է, բարի, իրեն էլ լավություն է արել: «Երեխաների գրքի տպագրման համար 30 հազար դոլար գումար է տվել, բայց, եթե պետք է ինձ լավություն անի, բայց ընտանիքը կոտորի, ես ոնց պետք է վերաբերվեմ նրան: Ինձ երախտամոռության մեջ մեղադրելն ամենաքիչը տխմարություն է»,- ամփոփեց Ռուբեն Հախվերդյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am