Կողմնորոշված երեւանցիների 77 տոկոսը պատրաստ է քվեարկել Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին, ով գլխավորում է ՀՀԿ համամասնական ցուցակը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ այդ 77 տոկոսը վերաբերում է ոչ թե 100 տոկոս պոտենցիալ ընտրողներին, այլ արդեն կողմնորոշված 31,6 տոկոս ընտրողներին:

Այդ 31,6-ից 8 տոկոսը պատրաստվում են աջակցել «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանին, 7,9 տոկոսը՝ ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանին, մնացածը հավաքում են աննշան տոկոսներ:

«Եվս մեկ անգամ ուզում եմ պարզաբանել, որ այս տվյալները չեն վերաբերում չկողմնորոշված զգալի ընտրազանգվածին: Թե ով կնվաճի չկողմնորոշվածների ձայները, կախված է քարոզարշավի ընթացքից: Մեր տվյալներով՝ ընտրողների 55-60 տոկոսը արդեն որոշել են, որ մանսակցելու են քվեարկությանը, բայց դեռ չեն կողմնորոշվել, թե ում օգտին են քվեարկելու: Այսպիոսով կուսակցություններն ունեն շանս իրենց կողմը գրավել 20 տոկոս չկողմնորոշված ընտրողներին»,-ասաց Ադիբեկյանը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով անցկացված հարցումը տարոն Մարգարյանին հեշտ հաղթանակ չի խոստանում. Եթե նրա մրցակիցները նվաճեն չկողմնորոշված ընտրողների ձայները, ապա կարող են առաջ անցնել նրանից:

Թեեւ պաշտոնապես երեւանցիները ոչ թե ուղղակի ընտրությամբ քաղաքապետ են ընտրում, այլ՝ Երեւանի ավագանի, բայց, ըստ սոցիոլոգի, մեծամասնության գիտակցության մեջ սա հենց քաղաքապետի ընտրություն է, ուստի հարցվածները քաղաքական ուժերին գնահատում են հենց նրանց համամասնական ցուցակները գլխավորող անձանցով:

«Տարոն Մարգարյանին (ՀՀԿ) որպես քաղաքապետ եւ թեկնածու ճանաչում են հարցվածների 73,6 տոկոսը, Վարդան Օսկանյանին (ԲՀԿ)՝ 36 տոկոսը, Արմեն Մարտիրոսյանիn («Բարեւ Երեւան»)՝13,2 տոկոսը, Արմեն Երիցյանին (ՕԵԿ)` 7,5 տոկոսը, Արմեն Ռուստամյանին (ՀՅԴ)`7,4 տոկոսը: Դա չի նշանակում, որ մնացածին բոլորովին չեն ճանաչում: Շատերը գիտեն, օրինակ, Վարդան Օսկանյանին, բայց ոչ բոլորն են տեղյակ, որ նա քաղաքապետի պոտենցիալ թեկնածու է եւ դա եւս մեկ խնդիր է քարոզարշավի ժամանակ»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որոնց մասնակցում են 6 կուսակցություն եւ մեկ դաշինք:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am