Ապրիլի 9-ին որեւէ անկառավարելի բան տեղի չի ունեցել եւ անպատասխանատվության դրսեւորում չի եղել: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով երեկ ընդդիմության գործողությունները:

Նրա խոսքով՝ իրադարձությունների սկզբից մինչեւ վերջ գտնվել է իրադարձությունների թատերաբեմում: «Ես եղել եմ Բաղրամյան պողոտայում: Ես իմ ներկայությամբ արձանագրել եմ, որ ինձ համար Սերժ Սարգսյան անունով նախագահ չի եղել, չկա եւ չի լինի, եւ ես ուրախ եմ, որ ապրիլի 9-ին եղել է լեփ-լեցուն Ազատության հրապարակ: Դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիներն ունեն բավարար կամք իրենց սահմանադրական իրավունքները վերականգնելու համար»,- ասաց Ն. Փաշինյանը:

Նրա ներկայացմամբ՝ բողոքի ակցիայում կազմակերպչական խնդիրների համար պատասխանատու է հավաքների կազմակերպիչը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ կեսգիշերին ընդունել է, որ եղել են որոշ կազմակերպչական բացթողումներ: