Ապրիլի 9-ին Արարատում տղամարդու` ընկերուհուն խեղդամահ անելու, ապա ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:
Ընկերուհուն խեղդամահ արած տղամարդը` 42-ամյա Հակոբ Նահապետյանը, այժմ գտնվում է Վեդիի բժշկական կենտրոնում, հավանաբար այնտեղից նրան կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»:
Վեդիի հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ տղամարդու վիճակը բավարար է, կյանքի վտանգ չի սպատնում, նա վնասվածքներ է ստացել կրծքավանդակի ձախ շրջանում:
Մեզ հաջողվեց այլ մանրամասներ եւս ճշտել դեպքի վերաբերյալ: 42-ամյա Հակոբ Նահապետյանը Վանաշեն գյուղի բնակիչ է, իսկ ընկերուհին` Աննա Ա.-ն, ում խեղդամահ էր արել, Վեդի քաղաքից: Դեպքը տեղի է ունեցել Ուրցաձոր գյուղում, կնոջ դիակը հայտնաբերվել է մեքենայի մեջ, իսկ տղամարդն էլ պառկած էր նրա կողքին` դանակը խփած իր վրա: Մինչ ոստիկանների դեպքի վայր ժամանումը, Հակոբ Նահապետյանը հասցրել էր մի քանի բառ փոխանակել հավաքվածների հետ եւ հայտնել էր, որ «այդ կինը զզվեցրել էր իրեն, կյանքը կերել էր, նույնիսկ եկել էր իր տանն էր տեսարաններ սարքել, այլեւս չէր ցանկանում ապրել եւ այլն»:
Վանաշենի գյուղապետ Արտաշ Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ամբողջ գյուղը զարմացած է` լսելով դեպքի մասին: «Հակոբ Նահապետյանը իր բնավորությամբ շատ խելոք, նորմալ աշխատող մարդ է, աղջկան նշանել էր, տղան իր բոյին, գյուղացիների կողմից շատ հարգված, սա աբսուրդ է»,- ասաց նա:
42-ամյա տղամարդը ապրում է ծնողների հետ, իսկ երկու եղբայրները գտնվում են Բելառուսում: Նրա կինը աշխատում է գյուղի դպրոցում, իսկ վերջինս զբաղվում էր առեւտրով, խանութներին միրգ, բանջարեղեն է բաժանում:
Նա նշեց, որ երբեւէ չեն լսել որեւէ անախորժություն Նահապետյանների ընտանիքից, իսկ գյուղում ոչ ոք ոչ լսել, ոչ էլ տեսել էր նրա ընկերուհուն` Աննա Ավետիսյանին:
Հիշեցնենք, որ Արարատի մարզում ապրիլի 9-ին, տղամարդն սպանել է իր ընկերուհուն: Ժամը 23.50-ի սահմաններում 43-ամյա Հակոբ Ն.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը 19.30-ի սահմաններում Ուրցաձոր գյուղի դաշտերում իր ընկերուհի 29-ամյա Աննա Ա.-ի եւ իր միջեւ վիճաբանության ժամանակ ձեռքերով պարանոցը սեղմելով խեղդամահ է արել նրան: Դրանից հետո իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է ինքն իրեն` կրծքավանդակի ձախ շրջանին` ցանկանալով ինքնասպան լինել:Հակոբ Ն.-ն տեղափոխվել է Վեդիի հիվանդանոց, կատարվում է նախաքննություն:




























