Երեւանում ապրիլի 8-9-ին տեղի ունեցած «Առեւտրային եւ տնտեսական հարաբերությունների հաստատում» թեմայով հայ եւ թուրք գործարար կանանց երկօրյա ֆորումի ընթացքում թուրք գործարարներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ ծաղիկներ դրել։
Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, թուրք գործարարները սկզբում այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ուշադրությամբ լսել Ցեղասպանության մասին ներկայացվող տեղեկություններն ու ուսումնասիրել փաստա-վավերագրական նյութերը։
Թանգարանից դուրս գալուց հետո թուրք գործարարներն ուղղվել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ եւ հարգել անմեղ զոհերի հիշատակը։
Նշենք, որ «Առեւտրային եւ տնտեսական հարաբերությունների հաստատում» թեմայով հայ եւ թուրք գործարար կանանց երկօրյա ֆորումը կազմակերպվել է «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպության եւ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ւ-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից:
Թուրքիայից եկած գործարարների հիմնական մասը եղել են Դիարբեքիրից։




























