Երեւանի Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի կրտսեր որդու՝ 31-ամյա Անդրանիկ Զատիկյանի մահը, թեեւ ըստ դատաբժիշկների նշանակված փորձաքննության վրա է հասել թմրանյութի չարաշահումից, սակայն նրա քեռին չի բացառում, որ նրան թմրանյութի միջոցով բռնի զրկել են կյանքից:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրանիկ Զատիկյանի քեռին՝ Մելս Հարությունյանը:

«Ես շարունակում եմ կարծել, որ նա բնական մահով չի մահացել: Հայաստանի թմրամոլները ինչի՞ չեն մահանում: Նման դեպքեր էլ լինում են այն պարագայում, երբ դոզան շատ են տալիս, հետը ուրիշ բան են խառնում: Հազար ու մի հարցեր կան, որ ես չեմ կարող կոնկրետ ասել: Հայաստանում թմրանյութով շատ մարդ է սպանվել: Ուժեղացված դոզայով են վաճառել, հետն էլ ուրիշ բան են խառնում ու այդպես է լինում: Ամբողջ աշխարհում թմրամոլին թմրանյութով սպանելն ավելի հեշտ է, քան ուրիշ ճանապարհով: Համ չի երեւա, համ էլ ներքին կարգով դոզավորում բան են տալիս, ինչ իմանաս»,- ասաց Մելս Հարությունյանը եւ ավելացրեց, որ թմրանյութ եղել է, բայց ինչ թմրանյութ է եղել, ով է ծախել, ինչ է արել, դեռ հայտնի չէ: Դրա համար քրեական գործ են հարուցել եւ գործը դեռ քննվում է:

«Ես կասկածում եմ ամեն ինչին»,- ասաց Մելս Հարությունյանը՝ հավելելով, որ սպասում է քննության վերջնական ավարտին:

Ավելի վաղ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Անդրանիկ Զատիկյանը, ըստ դատաբժիշկների նշանակված փորձաքննության, մահացել է սրտի պսակաձեւ անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային եւ հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնի վրա: Փորձաքննությամբ նաեւ պարզվել է, որ Ա. Զատիկյանը կենդանության օրոք տառապել է թույլ արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզով, կորոնարոսկլերոզով, սրտամկանի ծանր սնուցախանգարումով, ինչն էլ մեթադոնային եւ հաշիշային ինտոքսիկացիայի պայմաններում հանգեցրել են մահվան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անդրանիկ Զատիկյանի քեռին՝ Մելս Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ փաստաթուղթ ունեն, որով հերքվում է շրջանառվող այն վարկածը, թե Անդրանիկի մահը վրա է հասել գերդոզավորումից: Անդրանիկի քեռին հիմնավորել էր, որ մահվանից մեկ ամիս առաջ Անդրանիկը մորը տարել է Գերմանիա բուժման եւ ինքը եւս մանրամասն հետազոտության է ենթարկվել: «Իսկ հետազոտության արդյունքները ինձ մոտ են, որոնք կարող են վկայել, որ նա թմրանյութ չի օգտագործել»,- ավելացրել էր Մելս Հարությունյանը: Թեեւ այդ ժամանակ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չէին ստացվել, բայց Մելս Հարությունյանը համոզմունք էր հայտնել, որ  Անդրանիկին թունավորել են: Իսկ հարցին, թե ի՞նչը կարող էր նրան մահվան հասցնել, Մելս Հարությունյանը ասել էր. «Նա իր շրջապատում թշնամիներ ուներ: Իր եղբորն սպանողների ցեղը: Նրանք իրար հետ չէին խոսում, բայց իրար մեջ միշտ վտանգ էին տեսնում: Ինչպես նրա հոր հանկարծամահությանը չեմ հավատում, այնպես էլ` Անդրանիկի: Անդրանիկ Զատիկյանը եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունից հետո ընտանիքի վերջին զավակն էր: Այդ ընտանիքից մնացին մայրը` քույրս,  երկու եղբայրների կանայք եւ երեխաները»: Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ  հունվարի 13-ին ժամը 7:00-ի սահմաններում հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին: Վերջինս  Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան է: Անդրանիկ Զատիկյանը հաշվառված է Մեծարենցի 58 հասցեում, սակայն  բնակվում էր Նոյ թաղամասում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշենք, որ Անդրանիկ Զատիկյանի հայրն էլ` Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ի հոկտեմբերի 7-ին: Պաշտոնական վարկածով վերջինս մահացել է սրտի կաթվածից: Իսկ Զատիկյանի ավագ որդին`Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով վարորդ, 31-ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: