Խնդիրը ոչ թե երեւանցուն ներկայանալի դառնալն է, այլ ներկայանալ եւ ասել, որ մենք կանք այս քաղաքական պայքարում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Նա նշեց, որ չմասնակցելով նախագահական ընտրություններին, կարող է այժմ եւս այն տրամադրություններն են, որ ՀԱԿ-ն այս ընտրություններին եւս չի մասնակցելու:

Վահագն Խաչատրյանը նշեց, որ ՀԱԿ-ը պատրաստվում է  ներկայանալ եւ ներկայացնել իր անելիքները, որոնք բաժանել են երկու մասի` քաղաքական շեշտադրում, որ ավելի շատ է լինելու իրենց մոտ եւ նաեւ զուտ քաղաքային տնտեսությանը վերաբերող հարցեր, որովհետեւ ի վերջո ցանկացած քաղաքացու ավելի շատ հետաքրքրում է երկրորդը, բայց երկրորդի իրականության համար կարեւոր է նաեւ քաղաքական հանգամանքները:

Հարցին, թե մտավախություն ունեք, որ մարդիկ մոռացել են ՀԱԿ-ին, նա պատասխանեց, որ դա իրական պատկերն է: «Նախագահական ընտրություններին չեն մասնակցել ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, կար «Ժառանգությունը», Հրանտ Բագրատյանը, կային այլ ուժեր, եւ հիմա մարդիկ այդ տրամաբանության մեջ են, մանավանդ այս վերջին երկու ամիսներին անընդհատ հանրահավաքներ եւ այս իրավիճակում կարիք կա հիշեցնելու, որ սա միայն քաղաքապետի ընտրություն չէ, քաղաքական ընտրություն է»,- ասաց Երեւանի նախկին քաղաքապետը: Նա նշեց, որ այսօր գործող իշխանությունը իր քարոզարշավին միայն մատուցում է, որ սա ընդամենը ավագանու կամ քաղաքապետի ընտրություն է, մոռանում են Հանրապետական կուսակցության հանգամանքը, ավելի շատ քաղաքապետի դեմքը եւ պաշտոնն են կարեւորում, իսկ իրենք հակառակն են անում, ներկայացնում են, որ սա քաղաքական պայքար է, այն, ինչ անելու են, կախված է քաղաքական պայքարից:

Մեր հարցին, թե ո՞ւմ եք համարում ձեզ մրցակից` Տարոն Մարգարյանին, Արմեն Երիցյանին, Վարդան Օսկանյանին, նա պատասխանեց, որ օրինականության սահմանված ընտրությունների դեպքում իր համար բոլորն էլ մրցակիցներն են, ընտրությունների տրամաբանությունն է այդպիսին: «Որովհետեւ դեռ ոչ ոք չի կարող ասել, թե իր հնարավորությունները քաղաքացին ինչպես կգնահատի, երբ ուզում էին 70,80 տոկոս գրել, բայց ժողովուրդն այլ կարծիքի էր, այդ պայմաններում մրցակիցներ բոլորն էլ կարող են լինել, եթե այդ պայմանները չեն բավարարում, մրցակցության մասին խոսելն ավելորդ է»,- ասաց նա` շեշտելով, որ պետք է իշխանություններին հասկացնեն, որ ամեն անգամ չէ, որ բիրտ ուժը կարող է հաղթանակ տանել:

Իսկ թե ինչպես կազդի ապրիլի 9-ի երեկոյան Երեւանի կենտրոնում ծավալված իրադարձությունները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության, ՀԱԿ-ի ձայների վրա, ապա Երեւանի նախկին քաղաքապետը խորհուրդ է տալիս սպասել, քանի որ առաջիկա օրերին եւս իրադարձություններ տեղի կունենան, բայց նաեւ նշեց, որ ամեն ինչ կախված է, թե ինչ նախընտրական քարոզչություն կտանեն: «Այդ անհանգստությունը կա, տեղին է, որ ի վերջո ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի, այդպես էր տրամադրված կամ այդպես էին տրամադրել ժողովրդին, որ ամսի 9-ով հարցերը կլուծվի, հիմա մի քիչ շեշտադրումները փոխվում են, ավելի բարդանալու է, բայց չեմ կարծում, որ միայն ոչ իշխանական ուժերի վիճակն է բարդանալու, այլեւ իշխանության, գործող համակարգը իրեն սպառել է, պետք է հեռանան համակարգում իշխող մարդիկ, եթե Հայաստանում վերջապես հաստատվի սահմանադրական կարգ` ազատ ընտրություն, ազատ քաղաքացի, ժողովրդավարություն, մրցակցություն բոլոր քաղաքական բնագավառներում»,- ասաց ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորողը: