Եթե ինքն է մեղավոր, թող հավերժ տանեն կորցնեն, ես էլ իմանամ, որ էդ տղան իմս չի, բայց ամբողջ Պռոշյանի հասարակությունը վստահ է, որ ինքը չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի հայրը` Արշավիր Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է «ՎԱԶ-2121» («Նիվա») մեքենայի միջից կրակոցի արգասիքների հետքեր հայտնաբերելուն, նա նշեց, որ այդ մեքենան իրենցը չէ, գյուղի տղաներից մեկինն էր, որը Արայիկը վերցրել էր: Արշավիր Պետրոսյանը պատմեց, որ դեպքի օրը առավոտյան 8.30-ի սահմաններում երեխաներին դպրոց տանելուց հետո Արայիկը եկել է տուն, այնուհետեւ ժամը 9.20-9.30-ի սահմաններում գնացել է աշխատանքի, եղել է դեպքի վայրում, իրեն տեսնողներ են եղել: Իսկ այդ մեքենան ընկերոջից վերցրել է 11.00-12.00-ի սահմաններում, գնացել բանկ` վճարում կատարելու, այնուհետեւ գնացել ավտոլվացման կետ: «Ես մի բան գիտեմ, վերջը կերեւա, թող սպասենք, վերջը ցույց կտա, թե ինչ է: Չի կարա Արայիկը դրա հետ կապ ունենա, ես էդ հեքիաթներին չեմ հավատում, ոչ էլ ներվերս եմ ուզում քայքայեմ»,- ասաց Արշավիր Պետրոսյանը:
Նա պատմեց, որ որդուն ձերբակալելուց հետո հնարավորություն չեն ունեցել տեսնել որդուն, փաստաբան ունեն, ով զբաղվում է նրա շահերի պաշտպանությամբ, եւ վերջինս էլ փաստում է, որ նրան անհիմն են կալանավորել:
Արշավիր Պետրոսյանը հանդիպել է Հրաչ Մուրադյանի հարազատներին, ովքեր ասել են, որ իրենք էլ գիտեն, որ դա Արայիկը չի արել, նա սպանված գյուղապետի հետ շատ լավ, ընկերական հարաբերություններ ուներ: «Մնացածը մեր խնդիրը չի` ինչ են ասում, ինչ են անում, ով ինչ կապիկություն է անում, թող իրենք գնան գտնեն, եթե ինքն է, թող հավերժ տանեն կորցնեն, ես էլ իմանամ, որ էդ տղան իմս չի, բայց ոչ մենակ ես, այլեւ ամբողջ Պռոշյանի հասարակությունը վստահ է, որ ինքը չէ:
Ես գիտեմ, որ իմ տղան չի կարող էդ ախմախության մեջ լինել, կսպասենք մինչեւ վերջ, մեր քայլերը կանենք»,- ասաց հայրը: Կալանավորված երիտասարդի հայրը ասաց, որ Մուրադյանի հարազատների հետ զրուցել են, «իրենք իրենց խնդիրները գիտեն, թե ինչ են անում,թող անեն ոնց գիտեն, ոնց պետք ա, ոնց ճիշտ ա, ոնց կհավատան, ինչ քայլ ուզում են անեն,թող անեն, իրենց խնդիրն է»:
Արշավիր Պետրոսյանը շեշտում է, որ վերեւում Աստված կա, նա հավատացած է, որ ոստիկանությունն եւ դատախազությունը թույլ չեն տա անմեղ մարդու վրա կեղտ գցել: Իսկ առայժմ ընտանիքը սպասում է, թե ինչ է լինելու Արայիկի հետ:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանների անունները, որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում է գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը: Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանը ազատվել է արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:




























