Երեւանի Տերյանի փողոցում 19-ամյա Տիգրան Հայրապետյանի դանակահարության մեջ կասկածվող Երեւանի թիվ 3 դպրոցի աշակերտ Հայկը դպրոցում երբեք ագրեսիվ վարքով աչքի չի ընկել եւ շատ հանգիստ երեխա է եղել, այդ պատճառով էլ զարմացած են կատարվածի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Երեւանի թիվ 3 դպրոցից եւ չցանկացան ներկայանալ: Նրանք նաեւ փոխանցեցին, որ Հայկը շատ օրինակելի ընտանիքից է, նրա մայրը մանկավարժ է, սակայն այդ դպրոցում չի դասավանդում: Թեեւ դպրոցում միջադեպի հստակ պատճառը չգիտեին եւ հրահանգված էր, որ չխոսեին, սակայն մեզ հավատացրին, որ միջադեպը տեղի է ունեցել, ոչ թե աղջկա կամ գումարի պատճառով, այլ կենցաղային հարցի շուրջ, այլ կերպ ասած` լեզվակռվի արդյունքում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 9-ին, ոստիկանները հայտնաբերել ու ձերբակալել են Երեւանի Տերյանի փողոցում 19-ամյա Տիգրան Հայրապետյանին դանակահարության մեջ կասկածվող անձին: Պարզվել է` նա 11-րդ դասարանի աշակերտ է, անունը՝ Հայկ: Վերջինս սովորում է Երեւանի թիվ 3 դպրոցում: Տեղեկացրել էինք նաեւ, որ 19-ամյա Տիգրան Հայրապետյանը Երեւանի Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող է, սովորում էր Աշխատանքի տնտեսագիտության բաժնի 3-րդ կուրսում: Իսկ նրա պապիկը նույն համալսարանում փիլիսոփայություն է  դասավանդում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Նրա խոսքով, Տիգրան Հայրապետյանը շատ հանգիստ ուսանող է եղել: «Չար երեխա չի եղել, խելոք նորմալ երեխա է եղել: Պապն էլ մեր դասախոսներից է»,- ավելացրել էր ռեկտորը: Խոսելով սպանության պատճառների մասին Կորյուն Աթոյանն ասել էր, որ դեպքից հետո  գնացել է հիվանդանոց հարազատների հետ խոսել, սակայն հարազատները եւս միջադեպի մանրամասներից տեղյակ չէին: «Դեռ ոչ մի վարկած չկա, քանի որ կռվի մասնակիցներին դեռ չեն հայտնաբերել, իսկ Տիգրանը մահացել է»,- ասել էր Կորյուն Աթոյանը եւ ավելացրել, որ ըստ շրջանառվող խոսակցությունների՝ տվյալ վիճաբանությունը մինչեւ այդ ծագած վիճաբանության շարունակությունն է եղել: Հիշեցենք, որ Երեւանի Տերյանի փողոցում, Ազգային գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում կրծքավանդակի շրջանում ստացած դանակի հարվածից մահացել է 19-ամյա Տիգրան Հայրապետյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր ոստիկանության լրատվական ծառայությունից: Ժամը 15.45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել Տերյան փողոցից, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է: Մեկնած  օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը 1994թ-ին ծնված Տիգրան Հայրապետյանն է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կենտրոնի քննչական բաժնում կատարվում է  նախաքննություն: