Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ԲՀԿ-ի խմբակցությունից բացակա էին միայն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանն ու Էլինար Վարդանյանը։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«ԲՀԿ-ական ողջ գործարար հատվածը ՄՀՀ-ում էր։ ԲՀԿ-ի 36 պատգամավորների հիմնական մասի ներկայությունը թերեւս խոսուն փաստ է։ Անգամ Ծառուկյանի խնամի, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուրադ Գուլոյանն էր ՄՀՀ գնացել։
Երեկ մի քանի հարց ուղղեցինք խմբակցության պատգանավոր Գուրգեն Արսենյանին.
Պարոն Արսենյան, ձեր առաջնորդը ներկա չէր Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, այդուամենայնիվ ԲՀԿ շատ ներկայացուցիչներ կային, ինչպե՞ս կարող ենք հասկանալ դա։
Ես ասում եմ, որ դա իմ աշխատանքային օրն էր եւ ես գնացել էի իմ պարտականությունները կատարելու ԱԺ հատուկ նիստում։ Քաղաքական որեւէ որոշում չկար... Ես հասկանում եմ, որ նման հարցերի շուրջ եզրակացություններ անելը, նյութեր գրելը հետաքրքիր է, բայց ուրիշ բաներ կան, չէ՞, դա՞ է երկրի հիմնական խնդրը; Ոնց որ թե ուրիշ խնդիրներ եմ տեսնում ես, օրինակ՝ քաղաքական ենթատեքստ ունեցող իրադարձություններ...
Ինչո՞ւ չեկաք այնտեղ, որտեղ իրադարձություններ էին տեղի ունենում, հատուկ նիստից հետո կարող էիք գալ։
Բացատրեմ։ Շատ հստակ պատասխան ունեմ ես։ Ես այդ քաղաքական թիմի անդամ չեմ։
Բայց ժողովուրդն էր, չէ՞ այնտեղ, դուք էլ ժողովրդի ընտրյալն եք։
Այնտեղ էին մարդիկ, ովքեր ընտրությունների վիճարկման պրոցեսի մասնակից էին։ Ես ընտրությունների վիճարկման մասնակից չեմ։ Ես ընտրություններին մասնակցել եմ որպես ՀՀ քաղաքացի եւ բարձրաձայն էլ ասել եմ՝ ում համար եմ քվեարկել։
Արսենյանը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ԲՀԿ-ականներ քվեարկել էին Սերժ Սարգսյանի օգտին»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























