Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Բորիս Զուբիցկին մեկ ամսվա ընթացքում վայր կդնի իր լիազորությունները, պարզել է «Իզվեստիա» թերթը: Պարբերականի տվյալներով` խորհրդարանականը չի ցանկանում հաշվետվություն տալ իր ծախսերի մասին:
Բորիս Զուբիցկին Պետդումայում արդեն չորրորդ անգամ է ընտրվել: Վերջին երեք տարիների ընթացքում նրա եկամուտը կազմել է երեք միլիարդ ռուբլի: Զուբիցկին հանդիսանում է «Կոկս» մետալուրգիական խմբի հիմնադիրը: Ռուսական Forbes ցուցակում նա զբաղեցնում է 195-րդ տեղը:
Պետդումայի պատգամավորները պետք է առաջին անգամ իրենց ծախսերի վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնեն հուլիսի մեկին: Ընդ որում, բացի բուն պատգամավորի ծախսերից, պետք է ներկայացնեն նաեւ իրենց ընտանիքի անդամների գնումները: Խոսքն այն գնումների մասին է, որոնց արժեքը գերազանցում ընտանիքի երեք տարվա եկամուտը:
Լրատվամիջոցների տվյալներով` որոշ պատգամավորներ պատրաստ են լքել Պետդուման` ծախսերի հաշվետվությունները չներկայացնելու համար, սակայն հայտնի չէ` քանի պատգամավոր կլքի խորհրդարանը:



























