Ադրբեջանցի հրամանատարները հաճախ չեն վերահսկում իրենց ենթականերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ մեկնաբանելով ապրիլի 10-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը:
«Այդ միջադեպը ակնառու օրինակ է, թե ինչպիսի իրավիճակ է տիրում ադրբեջանակն զինված ուժերի շարքերում»,-ասաց նա՝ հավելելով, որ տեղի ունեցածը եզակի բնույթի չի կրում: Հակառակը, վերջերս նմանատիպ դեպք է արձանագրվել նախիջեւանի ուղղությամբ: «Մարտական դիրքերում ադրբեջանցի զինվորներն իսկական գինարբուք էին սարքել»,-հիշեցրեց Գրիգորյանը, հավելելով, որ վերջերս ադրբեջանական կողմի տեղեկությունը, թե Ադրբեջանական բանակի զինվորը զոհվել էր հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, չի համապատասխանում իրականությանը:
«Կան տվյալներ, որ տեղի է ունեցել ինքնասպանություն, նույն զորամասում վերջին շրջանում մի քանի ինքնասպանության դեմք է գրանցվել»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 10-ին, սահմաններում Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության: «Մինչեւ մեկ ջոկ կազմով զինծառայողներ ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով եւ պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել եւ շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձեւով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել, ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաեւ կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,-նշել էր ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:




























