Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետ Վարդգես Ղազարյանի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը): Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ որում` եթե այդ արարքը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չկան:

Ինչ վերաբերում է Սուրենավանում համայնքի ղեկավարի ընտրությունների նշանակմանը, ապա Տարածքային կառավարության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ համայնքի ավագանու համապատասխան արձանագրությունը ստացվել է, հարցն առաջիկայում սահմանված կարգով կներկայացվծ Կառավարություն:

Նշենք, որ Սուրենավանի վթարի ենթարկված եւ մահացած գյուղապետ Վարդգես Ղազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին հարցը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի Կառավարության հաջորդ նիստի օրակարգ եւ Կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի: Իսկ դրանից հետո, «Ընտրական օրենսգրքի» համաձայն, Կառավարության կողմից համայնքի ղեկավարի լիազորությւնները վաղաժամ դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին, ժամը 22.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում շրջվել է «Լադա պրիորա» մակնիշի 585 LL 26 համարանիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով վարորդը`  Սուրենավանի գյուղապետ 51-ամյա Վարդգես Ղազարյանը տեղում մահացել է: Գյուղապետի հարազատները «բացահայտել էին» նրա վթարի ենթարկվելու վերաբերյալ «մութ էջեր»: Դեպքի վայրի մոտ գործող  գազալցակայանի աշխատակիցները հարազատներին ասել էին, թե գյուղապետի «դեմը կտրել» է մի սեւ մեքենա, որի համարանիշը չեն հայտնում: