Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբ» հենակետում 2012-ի ապրիլի 18-ին հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող 22-ամյա Զորիկ Մարգարյանի մահը, ըստ դատական գործի, վրա է հասել հակառակորդի գնդակից: Այնինչ զինծառայողի մայրը 100 տոկոսով համոզված է, որ որդին թուրքի գնդակից չի մահացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զորիկ Մարգարյանի մայրը` Ալվինա Մարգարյանը:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին, փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցված քրեական գործ գործը կասեցվել է: Սակայն գործից անջատված մասով Կարեն Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու կանոնները խախտելը), ինչպես նաեւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք զինամթերք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, փոխադրելը կամ կրելը):
Ավագ լեյտենանտ Լենդրուշ Գրիգորյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցություն կամ իշխանության անգործությունը):
Խորեն Սուքիասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 365 հոդվածի 1-ին մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու կանոնները խախտելը): Նրանց նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Քննելով գործը, Տաուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պարզել է, որ մարտական հենակետում ոգելից խմիչքների օգտագործմամբ խրախճանքներ են կազմակերպվել, մարտական հենակետ են բերվել այլ մարտական հենակետում ծառայության նշանակված, ժամկետային զինծառայողի ամրակցված ԴԴՀ տեսակի դիպուկահար հրացան եւ բազմաթիվ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, որոնցով լիցքավորվել են հենակետի ինքնաձիգները եւ առանց որեւէ անհրաժեշտության դրանցից կրակոցներ են արձակվել, ստեղծելով սահմանային միջադեպի առաջացման վտանգ, որով էական վնաս է պատճառվել ծառայության շահերին: Դատարանը վճռել է Լենդուշ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման` 2 տարի ժամկետով:
Կարեն Մովսեսյանին պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 տարի 3 ամիս ժամկետով: Իսկ Խորեն Սուքիասյանը դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով, սակայն կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Ներկայացվել է նաեւ վերաքննիչ բողոք, սակայն վերաքննիչ բողոքը մերժվել է եւ ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ:
Այնինչ` Զորիկի մայրը չի հավատում, որ տղան սպանվել է «թուրքի գնդակից»: «Ես 100 տոկոսով գիտեմ, որ իմ տղայի սպանությունը թուրքի ձեռքով չի, չնայած հիմա անուններ չեմ կարող տալ:Սպանողը մեր հայերից է: Թող իր մերը մի անգամ իմ դուռը բացեր ասեր. «Կներես մայրիկ ջան, որ իմ տղան սխալվել է եւ ես ցավում եմ կատարվածի համար»: Բացի այդ մի քանի անգամ պահանջել եմ զենքի եւ հագուստի փորձաքննության արդյունքները, բայց ոչինչ չեն տվել: Իսկ երբ Տավուշում որդուս հուշարձանն էին բացել եւ ինձ հրավիրել, երբ մոտեցա սպային, աննկատ հեռացավ, որովհետեւ չէր կարող իմ հարցերին ճիշտ պատասխան տալ»,- դժգոհեց սպանված զինծառայողի մայրը:
Նա նաեւ դժգոհեց, որ բացի զորամասի երկու զինծառայողից, ոչ ոք չի մասնակցել որդու թաղման եւ հետագա արարողություններին: «Մի ծաղիկ չէին կարո՞ղ բերել: Թող գային, ես փողը կտայի, գային ծաղիկ դնեին»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե իր որդին կենդանի լիներ, հիմա իրենք սեփական տանիք կունենային. «Իմ երեխան իմ համար թիկունք էր: Թող մի հատ տուն տային, ասեին գնա այնտեղ մղկտա»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Մեհրաբ» զորամասում սպանված 21-ամյա Զորիկ Մարգարյանը կարող էր չծառայել բանակում, քանի որ քաշն ու հասակը չէին համապատասխանում, սակայն նա ինքն է ցանկացել գնալ բանակ: NEWS.am-ը հայտնել էր, որ Զորիկի կարող էր չմեկնել ծառայության, քանի որ բոյն ու քաշը թույլ չեն տվել, սակայն գնացել է իր պարտքը կատարելու: «Վերջին անգամ էլ եկավ թոռնիկիս քառասունքի օրը: Ճանապարհ դնելուց հետո ապրիլի 17-ին զանգահարեց ինձ ու երբ իմացավ, որ եղբայրը պետք է գնա Ռուսաստան, ասաց. «Չմտածես, մնաց 69 օր»: Հետո ասաց, որ ապրիլի 18-ին էլի կզանգի, բայց այդպես էլ չզանգեց»,-պատմել էր մայրը: Իսկ ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբ» հենակետում հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանը: Եւս մեկ ժամկետային զինծառայող` 22-ամյա Կարեն Մովսիսյանը, ծանր վիրավորվել է: Նրանք երկուսն էլ զորակոչվել էին Արաբկիրի զինկոմիսարիատից 2010թ. գարնանը եւ առաջիկայում պետք է զորացրվեին: Առայժմ հայտնի չէ զինվորների մահվան ստույգ պատճառը: Մինչ օրս չի նշվում, թե տղաները հրազենային վնասվածքները հակառակորդի՞ գնդակից են ստացել, թե ծառայակիցների: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Տեղեկություններ տարածվեցին նաեւ, թե այդ գործով ձերբակալվել է դասակի հրամանատար, հենակետի ավագ լեյտենանտ Լենտուշ Գրիգորյանը, ով Բագրատաշեն գյուղի բնակիչ է, սակայն Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը:




























