ԲՀԿ-ն ընդունել է ընդդիմադիրի կեցվածք ու քննադատում է քաղաքապետարանի աշխատանքը՝ մոռանալով, որ ինչպես խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ի հետ կոալիցիա էր ու իր չափով կիսում էր երկրում տիրող իրավիճակի պատասխանատվությունը, այնպես էլ հիմա՝ Երեւանի ավագանու 65 անդամներից 17-ը ԲՀԿ-ական են, որոնք ՀՀԿ-ական 35 անդամների հետ համերաշխ աշխատել են ու որոշումներ ընդունել Երեւանի խնդիրների շուրջ: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Թե ինչպես են իրենց դրսեւորել անցած տարիների ընթացքում Երեւանի ավագանու ԲՀԿ-ական ներկայացուցիչները, «Ժամանակը» հետաքրքրվեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, որի կազմակերպական վարչությունից տեղեկացրին, որ 2009-2013թթ. ընկած ժամանակահատվածում Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների կողմից ավագանու նիստերում եղել են թվով 52 ելույթ-առաջարկներ, իսկ հարց ու պատասխանների ընթացքում տրվել է 51 հարց:
Այս ժամանակաշրջանում կայացել է Երեւանի ավագանու 58 նիստ: Վերջին նիստը կայացել է ապրիլի 5-ին։ Այսինքն՝ ԲՀԿ-ականները 6-7 նիստերում ընդհանրապես լռել են, իսկ մնացած ամեն մի նիստի ժամանակ բավարարվել են 1 ելույթ ու 1 հարց հնչեցնելով:
2009-2013թթ. Երեւանի քաղաքապետի, Երեւանի ավագանու խմբակցությունների, ավագանու անդամների կողմից ներկայացվել է 624 նախաձեռնություն, այդ թվում 17-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից: Ընդ որում՝ այդ սակավաթիվ նախաձեռնությունների մոտ կեսը՝ 9-ը, վերաբերել են Երեւանի ավագանու թվով 9 նստաշրջաններում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներից թեկնածու ներկայացնելու մասին առաջարկներին: Ինչ խոսք, շատ խոսուն ու բեղմնավոր գործունեություն է:
Քաղաքապետարանից նաեւ հայտնեցին, որ ավագանու կանոնակարգի համաձայն՝ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր անդամներն ընդգրկված են գործող 4 մշտական եւ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովների կազմերում։
ԲՀԿ-ականներն աչքի են ընկել նաեւ իրենց «պարտաճանաչությամբ». Երեւանի ավագանու նիստերին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները հետզհետե ավելի շատ են երկարատեւ բացակայել: Այսպես՝ 2-րդ նստաշրջանի նիստերին կեսից ավելի բացակայել են ԲՀԿ 2 անդամներ, 6-րդ նստաշրջանից՝ 2 անդամ, 7-րդ նստաշրջանից՝ 4 անդամ, 8-րդ նստաշրջանից՝ 3 անդամ, 9-րդ նստաշրջանի նիստերին կեսից ավելին՝ 6 անդամ: Հնարավոր է՝ ավագանու աշխատանքները ԲՀԿ-ականների համար դարձել են անհետաքրքիր»,- գրում է «Ժամանակը»։




























