Այսօր` փետրվարի 22-ին Ազգային ժողովում մեկնարկում է 4-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական քառօրյան: Նշենք, որ հայ-թուրքական արձանագրություններն արդեն ուղարկվել են ԱԺ, եւ համաձայն միջազգային պայմանագրերի վավերացման ընթացակարգի՝ ավտոմատ կերպով ընդգրկվել են թե՛ նստաշրջանի, թե՛ այս քառօրյա նիստերի օրակարգում:
Այս կապակցությամբ, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը այսօր հայտարարել է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի առաջարկով այդ հարցը քննարկման կդրվի միայն տվյալ հանձնաժողովի եզրակացությունից հետո։ Նկատենք, որ փետրվարի 19-ին Ա. Ռուստամյանի գլխավորած հանձնաժողովը այս հարցի հետ կապված նիստ է հրավիրել, որտեղ աշխատանքային խումբ է ստեղծվել` հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված առաջարկություններ ներկայացնելու համար: Նիստում որոշվել է դիմել ԱԺ նախագահին՝ խնդրանքով, որպեսզի արձանագրությունները ԱԺ քննարման չդրվեն՝ մինչեւ իրենց եզրակացությունը:
Այսօր «Ժառանգության» պատգամավորները փորձել են պարզել, թե արդյո՞ք քննարկումն այս շաբաթ է լինելու, ինչին Հ. Աբրահամյանը բացասական պատասխան է տվել:
Նշենք, որ քառօրյա նիստերի օրակարգում է նաեւ կառավարության ներկայացրած «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին" օրինագիծը, որը ՀՀ իշխանություններին հնարավորություն է տալիս ետ կանչել իր ստորագրությունը միջազգային համաձայնագրի տակից կամ անգամ կասեցնել այն, քանի դեռ այն ուժի մեջ չի մտել:




























