Եթե անգամ Թուրքիայի վարչապետը հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարան ուղարկի, թուրք պատգամավորները չեն հաստատի դրանք, քանի դեռ ղարաբաղյան հակամարտության հարցում դրական տեղաշարժ չի գրանցվել։ Այդ մասին, ըստ ադրբեջանական Trend News-ի, ասել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յակիշը։

«Եթե Հայաստանը հույս ունի, որ Անկարան կընդունի Սահմանադրական դատարանի կողմից արձանագրություններ մտցված փոփոխությունները, ապա սխալվում է։ Անկարան երբեք չի ընդունի դրանք»,- հայտարարել է Յակիշը։

«Եթե թուրքական խորհրդարանի պատգամավորները հայտարարել են այն մասին, որ չեն վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, քանի դեռ ղարաբաղյան հակամարտության հարցում դրական տեղաշարժ չի գրանցվել, նրանց որոշման վրա չեն կարող ազդել ո՛չ վարչապետը, ո՛չ արտգործնախարարը, ո՛չ էլ երկրի նախագահը նշել է Թուրքիայի նախկին արտգործնախարարը։

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերի մասին՝ Յակիշը հայտարարել է, որ ներկայումս ղարաբաղյան հարցի լուծմամբ ամենաշատը շահագրգռված է Վաշինգտոնը, քանի որ դանդաղեցումն այս գործընթացում կարող է բացասաբար ազդել ԱՄՆ այնպիսի դաշնակցի վրա, ինչպիսին Թուրքիան է։

»Ռուսաստանն իր հերթին չի ուզում հրաժարվել տարածաշրջանում ունեցած իր ազդեցությունից։ Եթե Հայաստանը լուծի իր խնդիրները Թուրքիայի հետ, ապա Ռուսաստանի ներկայության անհրաժեշտությունը Հարավային Կովկասում կվերանա",- կարծում է Յակիշը։