Իսպանիայում այցով գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Էրդողանը ասել է. «Առանց Ղարաբաղի խնդրի լուծման՝ մեր խորհրդարանում լուրջ դժվարություններ կան ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ կապված։ Մենք նման նշաններ ենք տեսնում հենց խորհրդարանում։
Մինսկի խումբը պետք է արդարացի լուծում տա Ղարաբաղի խնդրին։ Այդ խնդրի լուծման դեպքում էլ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում մի մեծ խնդիր հաղթահարված կլինի։
Թուրքիայում ապրող 170 հազար հայերից 100 հազարը Թուրքիայի քաղաքացիներ չեն։ Իրենք նեղությունների մեջ են, որի համար ետ չենք ուղարկում Հայաստան եւ մեր երկրում հյուրընկալում ենք նրանց։ Սա մեր կողմից ամենակարեւոր բարի կամքի դրսեւորումն է»,-նշել է Թուրքիայի վարչապետը։




























