Հայ-թուրքական արձանագրությունների տակից ստորագրությունը ետ վերցնելու տարբերակներից մեկը համապատասխան օրենքում փոփոխությունների կատարումն է: Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, շատ շուտով այդ օրինագիծը կքննարկվի ԱԺ-ում, անգամ հնարավոր է, որ դա լինի այս քառօրյայում: «Նման պրակտիկա կա»,- ասաց Դ. Հարությունյանն ու հավելեց, որ ստորագրությունը ետ կանչելը կարող է լինել նաեւ առանց օրենքի, քաղաքական որոշմամբ:
Հարցին, թե ո՞րն է Սերժ Սարգսյանի ասած ողջամիտ ժամկետը, որից հետո, արդեն Հայաստանը կնախաձեռնի ստորագրությունը ետ վերցնելու գործընթաց, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Այդ հարցը միանշանակ պատասխան չունի: Մենք ձեռնպահ ենք մնում ժամկետներ նշելուց, բայց դա չի կարող տեւել տարիներ: Խոսքը թերեւս 1-2 ամսվա մասին է, գուցե եւս 2 ամիս էլ սպասենք, հետո մեր որոշումը կայացնենք»:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» առաջարկին, հայ-թուրքական արձանագրությունները քննարկել ԱԺ բոլոր հանձնաժողովում, Դ. Հարությունյանը նկատեց, որ պետք է լինի մեկ գլխադասային հանձնաժողով, եւ ինքը դեմ է, որ բոլորը քննարկեն այդ հարցը: Այնուամենայնիվ, նա կողմ արտահայտվեց, որ մասնավորապես իրենց հանձնաժողովը եզրակացություն ներկայացնի այդ արձանագրությունների վերաբերյալ: «Մենք դա կքննարկենք հանձնաժողովի հաջորդ նիստում եւ ես հակված եմ, որ մեր դիրքորոշումը եզրակացության տեսքով ներկայացնենք ԱԺ-ին եւ պատասխանենք պատգամավորների հարցերին»,- ընդգծեց նա ու հավելեց, որ չգիտի, թե ինչ կանեն մյուս հանձնաժողովները:




























