Համաձայն Թուրքիայում մարդու իրավունքներով զբաղվող մի շարք մարդկանց եւ կազմակերպությունների, չնայած «Էրգենեկոնի» գործին՝ ճնշումները նրանց վրա շարունակվում են։ Սակայն կա նաեւ հակառակ կարծիքը։ Այս մասին իր էջերում գրում է թուրքական «Hurriyet Daily News»-ը։
Այնուհետեւ թերթը վկայակոչում է Թուրքիայի հայ համայնքի «Agos» թերթի խմբագիր Էթյեն Մահճուպյանին, ով միեւնույն ժամանակ «Taraf» թերթի թղթակիցն է։ Մահճուպյանի խոսքով, այն պահից, երբ սկսվել է «Էրգենեկոնի» գործով հետաքննությունը, «Agos»-ի հասցեին հնչող սպառնալիքները մի փոքր հանդարտվել են։
«Agos»-ը սպառնալիքներ է ստանում էլ.փոստով, սակայն մենք դրանց լուրջ չենք վերաբերում։ Սպառնալիքների թիվը զգալիորեն աճում է ապրիլի 24-ի նախօրեին։ Եւ հակառակը, երբ առաջնային է դառնում քրդական հարցը, սպառնալիքները հանդարտվում են",- ասում է Մահճուպյանը։
Անկարայի համալսարանի քաղաքագետ եւ պրոֆեսոր Ասկան Օրանը, «Agos»-ի էջերում վերլուծելով Հայկական հարցը, նշում է, որ «Էրգենեկոնի» գործը սկսելուց հետո իր հասցեին հնչած սպառնալիքները եւս զգալիորեն նվազել են։ Սակայն իշխանությունների կողմից կիրառվող ճնշումները դեռ շարունակվում են։ Կարելի է ասել, որ երբ «խորը պետություն» կոչվող երեւույթն ակտիվանում է (Թուրքիայում այդպես են կոչում գաղտնի կազմակերպություններին), սպառնալիքներն աճում են, եւ հակառակը։




























