Հայաստան-Թուրքիա հարաբերություններում նախաձեռնությունը գտնվում է Երեանի ձեռքում, եւ վերջին իրադարձությունները դարձան դրա վառ ապացույցը, փետրվարի 23-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հղած ուղերձի եւ Հայաստանի նախագահի Մեծ Բրիտանիայում ունեցած ելույթի մասին:
«Նախագահի հայտարարությունը ահազանգ դարձավ միջազգային հանրության եւ Թուրքիայի համար, որ Անկարայի խոսքն ու գործը չպետք է հակասեն իրար: Իսկ Սերժ Սարգսյանի ելույթը Լոնդոնում տարածաշրջանային առաջնորդի ելույթ էր եւ նպատակ էր հետապնդում պաշտպանել հայերի եւ Հայաստանի շահերը»,- հայտարարել է Շարմազանովը: Նա կրկին ընդգծել է, թե ՀՀԿ դիրքորոշումն անփոփոխ է՝ Հայաստանը պետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները միայն Թուրքիայից հետո:
Խոսելով ղարաբաղյան խնդրի մասին՝ Շարմազանովը Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տվել դուրս գալ նավթային կոմայից եւ գիտակցել, որ «ավելի շուտ երկինքը փուլ կգա, քան Լեռնային Ղարաբաղը կհայտնվի Ադրբեջանի կազմում»:




























