«Ես կարծում եմ, որ եթե ամերիկացիները, եվրոպացիները եւ ռուսները ճնշեն Թուրքիային, նա կարող է գնալ սխալ ուղղությամբ, կարող է ավելի զայրանալ եւ համառ դառնալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն ու հավելել. «Այսօր մենք Թուրքիայում տեսնում ենք մի հեղափոխություն, որը կապված է Թուրքիայի ապագայի հետ` արեւելք, թե արեւմուտք, իսլամ, թե աշխարհիկ երկիր: Եվ այս առումով մենք չգիտենք, թե ինչպիսի երկիր Թուրքիան կլինի ապագայում: Թուրքիայի ներքին զարգացումները, „Էրգենեկոնի“ գործով ձերբակալությունները վկայում են, որ Թուրքիան կողմնորոշված չէ Հայաստանի հետ հարաբերության հարցում»:

Ըստ նրա, Թուրքիան դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, թե ինչ է ուզում Հայաստանից: «Ես կարծում եմ, որ Հայաստանը բավականին ուժեղ դիրքերում է, որովհետեւ Թուրքիան է, որ սխալներ է գործում: Բայց դա միայն արտաքին քաղաքականությունում: Մենք ավելի թույլ ենք ներքուստ»,- ասաց Ռ. Կիրակոսյանը, հավելելով, որ չի կիսում տեսակետը, թե հայ-թուրքական գործընթացից Հայաստանը որեւէ օգուտ չի ստացել: Նրա համոզմամբ, այդ գործընթացի արդյունքում վնասվել են Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները: