Թուրքիայում ներքաղաքական իրավիճակի սրացումը անորոշ ժամանակով հետաձգել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը, եւ, ընդհանրապես, Հայաստանի հետ կապված բոլոր հարցերը, քանի որ Անկարան մինչ զբաղվի ներքին խնդիրներով, կգա խորհրդարանական ընտրությունների ժամանակը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Դա կարող է հանգեցնել նրան, որ միջազգային հանրությունը կստիպի Հայաստանին առաջինը վավերացնել արձանագրությունները՝ գործընթացը վերջնականապես չձախողելու համար, կանխատեսեց Սաֆարյանը: Նա նշեց նաեւ, որ Թուրքիան արդեն սկսել է պատրաստվել Հայոց ցեղասպանության տարելիցին եւ միջոցառումներ է ձեռնարկում Ցեղասպանության միջազգային ճանաչման նոր ալիքը, մասնավորապես ԱՄՆ Կոնգրեսում համապատասխան բանաձեւի ընդունումը, կանխելու համար: «Խոսքը, մասնավորապես, գնում է Վաշինգտոնին մեղմացնելու Անկարայի փորձերի մասին, Աֆղանստանում իր ներկայությունը մեծացնելով, նաեւ Վանա լճի կղզիներում հայկական մի քանի եկեղեցիներ վերականգնելով: Այդ ամենը պատահական չէ, եթե Թուրքիան ցանկանում է ցույց տալ միջազգային հանրությանը, թե գործուն ջանքեր է գործադրում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, իսկ բանաձեւի ընդունումը կարող է խանգարել դրան»,- մանրամասնեց Սաֆարյանը:
Եթե Թուրքիան հասկանա, որ ձեռնարկված քայլերը բավարար չեն բանաձեւի ընդունումը կանխելու համար, կգնա լրացուցիչ միջոցառումների, նշեց պատգամավորը՝ հավելելով, որ Թուրքիան իրականացնում է Հայկական հարցը վերջնականապես թաղելու քաղաքականություն:




























