Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով այսօր Կիեւում մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը, իր կեղավայրում ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ներկայացրել է պաշտոնական Երեւանի մոտեցումները գործընթացի ներկա փուլի վերաբերյալ եւ նշել, որ Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու սկզբունքին: Ֆիլիպ Գորդոնը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն այս գործընթացին: Բարձր գնահատելով Հայաստանի կառուցողական դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման բոլոր փուլերում` նա ընդգծել է, որ արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում, առանց դրանք գոյություն ունեցող այլ խնդիրների հետ փոխկապակցելու, կարեւոր է հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ուշ երեկոյան կվերադառնա Երեւան: