Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման արարողությանը մասնակցելու համար Կիեւ մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արդեն հանդիպել է Կիեւ ժամանած Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի Ռեյի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյմս Ջոնսի հետ։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ հանդիպումների գլխավոր թեմաներն են եղել Իրանի միջուկային ծրագիրը, Կովկասում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները։

Դավութօղլուն Ջեյմս Ջոնսի հետ հանդիպումից անմիջապես հետո հանդիպել է հայ-թուրքական հարաբերություններում միջնորդի դեր ստանձնած Շվեյցարիայի իր գործընկերոջ հետ։ Հանդիպմանը քննարկվել է ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ վերջին զարգացումները։ Դավութօղլուն իր անհանգստությունն է հայտնել նաեւ Շվեյցարիայում մինարեների արգելման խնդրի շուրջ եւ նշել, որ Թուրքիայում այս թեմայի նկատմամբ շատ զգայուն են։

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավար Ումիթ Բոյների հետ հանդիպմանը հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ հայտարարել էր. «Դժվար մի գործընթաց է, սակայն այն չի կանգնել եւ փակուղի չի մտել: Անցյալ տարի հուլիսին նույն բանն էին ասում եւ տեսաք, որ օգոստոսին նախաստորագրվեցին արձանագրությունները: Նախկինի պես գործընթացը եւ բանակցությունները շարունակվում են»,- նշել է Դավութօղլուն: