Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով փետրվարի 25-ին մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը, Կիեւում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը:

Ավելի վաղ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման թեման շոշափվել է նաեւ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի հանդիպման ժամանակ, որը նույնպես կայացել է այսօր: Այդ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը կրկին իր զրուցակցին ներկայացրել է այդ հարցի առնչությամբ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններն հաստատելուն: Իր հերթին Գորդոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին: