Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն, այսօր՝ մայիսի 15-ին, ընդունել է Ֆրանս Տելեկոմ «Օրանժ» ընկերության ներկայացուցիչներին՝ «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի գլխավորությամբ:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանին ներկայացրել են «Օրանժ Արմենիա» ընկերության ներկա գործունեությունը, հետագա նախագծերը, հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումները:

Ֆրանսիս Ժելիբտերը տեղեկացրել է, որ հունվարից Հայաստանում ներդրվելու է «Համարների տեղափոխելիության» համակարգը, նախատեսվում է նաեւ սակագների վերանայում, որոնք հնարավորություն կտան ավելի դինամիկ դարձնել ընկերության հետագա գործունեությունը:

Գագիկ Բեգլարյանը հույս է հայտնել, որ Հայաստանի բջջային երրորդ օպերատորի ապագա ծրագրերն իրականություն կդառնան.

«Օրանժ»-ի դիրքերն օրեցօր պետք է լավանան: Մենք անում ենք հնարավորը, որ Հայաստանում գործող օպերատորների միջեւ լինի առողջ մրցակցություն, որը կնպաստի սպասարկման որակի բարձրացմանը: Մենք պատրաստ ենք համագործակցել եւ սիրով աջակցել ընկերությանը ցանկացած հարցում»,-նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կապի ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրեր ու առաջարկներ: