Այսօր` փետրվարի 26-ին Աժ-ում ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձել է երեկ Կիեւում Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերին` ուղղված Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին:

Հիշեցնենք, որ այդտեղ Սերժ Սարգսյանն ասել էր, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը պետք է նվազագույն ժամկետում հանգեցնել տրամաբանական ավարտի, հակառակ դեպքում Երեւանը ետ կկանչի իր ստորագրությունն այդ արձանագրություններից: ՀՀ նախագահը նաեւ ընդգծել է, որ ոչ ոք չի խանգարում Թուրքիայի գործադիր իշխանությանը, նույնիսկ նախքան արձանագրությունների վավերացումը, բացել Հայաստանի հետ սահմանը:

Այս հայտարարությունների առնչությամբ Գալուստ Սահակյանն ասել է, որ դրանք պետք է ընդունել «շիտակ, անկեղծ, ուղիղ, մաքուր»: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Թուրքիայում ներքաղաքական վիճակի լարումը կարող է ցանկացած պահի հանգեցնել ռազմական հեղաշրջման: Այդ համատեքստում, պատգամավորը չի բացառել հավանականությունը, որ Թուրքիան մոտ ժամանակներս կկողմնորոշվի հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հարցում: Գ. Սահակյանը վստահություն է հայտնել, որ հայ-թուրքական բանակցությունները ինտենսիվացրել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: