«Տոնուս քոնսթրաքշնս» շինարարական կազմակերպության եւ «Արցախ բանկի» միջեւ առկա խնդիրների պատճառով քաղաքացիները չեն կարողանում մուտք գործել օրինական ճանապարհով գնած իրենց բնակարանները: Մոտ 2 տասնյակ քաղաքացիներ այսօր՝ մայիսի 16-ին, բողոքի ակցիա իրականացրին ՀՀ կառավարության շենքի առջեւ:

Նրանց տեղեկացմամբ՝ Դավիթաշենի այգու դիմաց կառուցվող շենքում դեռ 2006 թվականից բնակարաններ են ձեռք բերել, ամեն տարի կանոնավոր վճարել են դրա դիմաց: Ներկայում շենքը գրեթե պատրաստ է, մնում են միայն հարդարման աշխատանքները, սակայն բնակիչներն այնտեղ մուտք գործել չեն կարողանում: «Տոնուս քոնսթրաքշնս» ընկերությունը մի կողմից վաճառել է բնակարանները, մյուս կողմից՝ դրանք գրավադրել «Արցախ բանկում»: Ներկայում բանկը գրավի դիմաց փաստացի տիրացել է շենքին ու բնակիչներին թույլ չի տալիս մուտք գործել այնտեղ; Սա այն դեպքում, որ բնակիչներն ունեն նոտարով կնքված վաճառքի օրինական պայմանագրեր, ու տարիներ շարունակ կանոնավոր վճարել են բնակարանի արժեքը:

«Տոնուս քոնսթրաքշնս» ընկերությունից NEWS.am-ին ասացին, որ ընկերությունը սնանկ չի ճանաչված, ուղղակի խնդիրներ կան բանկի հետ; Սակայն թե ինչպես կլուծվեն այդ խնդիրները՝ ընկերության ներկայացուցիչը չկարողացավ ասել:

Բողոքող քաղաքացիներին այսօր ընդունեց նաեւ ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:

Նշենք, որ խաբված բնակիչների թվում է նաեւ հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանը, ով նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային: