Նոր Հայաստան ունենալու համար պետք է լինի հեղափոխություն: Այդ մասին այսօր` մայիսի 19-ին «Անի» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքացիական ժողովին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

«Առանց հեղափոխության որեւէ առաջընթաց չի լինի: Մենք արեցինք, ամենը, որ ընտրական փուլում իշխանությունը հնարավորություն ունենա քաղաքական կոմպորմիսների փուլում ձեւավորել նոր իշխանական համակարգ: Դա տեղի չունեցավ, եւ այսօր մեզ մնացել է մեկ ճանապարհ` հեղափոխության տանող ճանապարհն է»,- նշել է նա եւ հավելել. «Մենք կաշկանդված ենք բռնություն չկիրառելու սկզբունքով: Դա մեզնից տասնապատիկ ավելի մեծ պատրաստվածություն է պահանջում»:

Ըստ Ղուկասյանի, մեր երկիրը երեկ գտնվում էր ապստամբության եզրին: «Եթե զինվորի դին հարազատները բերեին Երեւան, այսօր մենք ոչ թե ժողով կանեինք, այլ բոլորովին այլ վիճակում կլինեինք: Մարդիկ հոգնել են բանակի սպանություններից, մարդիկ հոգնել են թանկացումներից: Իշխանությունը ոչ միայն չգնաց որեւէ կոմպրոմիսի, այլեւ ցույց տվեց ժողովրդին, որ որեւէ բան փոխելու մտադրություն չունի»,- նկատել է նա:

Նախկին թեկնածուն նշել է, թե սահմանադրական հեղափոխությունն այսօր այն է, ինչ պահանջում է մեր ժողովուրդը: «Ուշանալ պետք չէ, այսօր են մեզնից քաղաքացիները գործողույուն պահանջում»,- նշել է նա` համոզմունք հայտնելով, որ իրենք կհաջողեն: