Հայաստանում վիճակը պայթյունավտանգ է: Դա խոսում էի բանի մասին, որ մենք ազգովի ունենք ոչ ադեկվատ իշխանություն, որը չի պատկերացնում, թե ինչ կարող է ստացվել այս պայթյունավտանգ վիճակից: Այդ մասին այսօր` մայիսի 19-ին «Անի» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքացիական ժողովին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:

«Մեր իշխանությունները չեն կարողանում զգալ, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանը: Այն, որ իշխանությունը փորձեցին կորզել երեք ընտրությունների արդյունքներ, դա հենց նրանց անզգայության արդյունքն է»,- նշել է Սանասարյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ անդրադարձավ գազի գնի բարձրացմանը եւ արձանագրեց, թե գազի գնի բարձրացման մեղավորը Ռուսաստանը չէ, այլ Հայաստանի իշխանությունները: «Այն ժամանակ, երբ Պարսկաստանի գազը ամբողջ գազը Եվրոպան խնդրում էր, Վրաստանը խնդրում էր, Իրանն էլ շահագրգիռ էր, որ արտահանի, մենք էլ ունենալու էինք հսկայական եկամուտներ, Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը պահելու համար գազամուղը տվեց ռուսական կողմին»,- նշեց Մարտիրոսյանը:

Վերջինիս խոսքով, «եթե մենք չշարունակենք պայքարը, ոչ միայն գազի գնի, այլեւ կառավարման համակարգի փոփոխության համար, լինելու է այն վիճակը, որ եղել է այս տարիներին»:

Մարտիրոսյանը նշել է, թե համաձայն չէ, որ հասարակության մոտ կուսակցությունների նկատմամբ համատարած պարսավանք կա: «Որեւէ մեկը չի մեղադրել ինձ, որ ես կուսակցական եմ: Խնդիրը կուսակցությունը չէ, այլ այն, թե այդ կուսակցությունը ինչ աշխատանք է տանում: Եթե որոշ գրչակներ, գումար աշխատող վերլուծաբաններ, նոր քաղաքական միավորումներ ստեղծելու փորձ անողներ փորձում են նման գնահատականներ տալ, դրանով միայն հեշտացնում են իշխանությունների գործը»,- ասել է նա` հեգնելով նորաստեղծ «Նախախորհրդարանին»` «նախակուսակցություն» անվանելով: «Թող որեւէ մեկն իրեն մինուճար ու անկրկնելի չպատկերացնի: Պայքարը չի կարող լինել միայն կուսակցական, կամ միայն քաղաքացիական: Պայքարը պետք է լինի համակարգային, բոլորի կողմից: Թող որեւէ մեկը մարգարեի պատմուճան իր վրա չվերցնի: Թող որեւէ ցույց տա իրավիճակ, որ «Ժառանգության» անդամները չեն եղել, իրենք են եղել: «Ժառանգությունը» միանշանակ միանալու է նոր Հայաստանին, նրա բաղկացուցիչն է  լինելու»,- ասելէ  Մարտիրոսյանը: