Բիզնեսին չի կարելի ցնցումների ենթարկել գազի գնի մասին անսպասելի լուրերով: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով գազի գնի սպասվող թանկացումը:
«Բիզնեսին չի կարելի հանկարծակիի բերել, նման անակնկալները վնասում են ձեռնարկություններին», – ընդգծել է նա: Այս պայմաններում փոքր եւ միջին բիզնեսի դրությունը ավելի ու ավելի անշահեկան է դառնում, իսկ եկամուտը նվազում է:
Հանրությանը բավարար չափով չեն իրազեկում Ռուսաստանի հետ բանակցությունների մասին. «Ոչ ոք չի բացատրում՝ ինչու հենց այդ սակագինը, այլ ոչ մեկ այլ սակագին: Բանակցությունների ընթացքում ո՞րն է եղել բացթողումը եւ ինչո՞ւ է «ՀայՌուսգազարդ»-ը հետ քաշվել, եւ նրա փոխարեն միայն կառավարությունն է խոսում»:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ մյուս կողմից անհասկանալի է, թե Հայաստանն ինչու չի փորձում օգտվել իրանական գազից, ընդ որում՝ ոչ միայն Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-երի համար, այլեւ՝ մեծ շուկայում. «Ի վերջո, Երեւանի ՋԷԿ-ը շատ գոհ է իրանական գազից»:
Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն («Գազպրոմ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ազի սակագինը հուլիսի 1-ից բարձրացնելու հայտ է ներկայացրել: Եթե «Գազպրոմ»-ը սահմանին գազի գինը 180-ից դարձնում է 270 դոլար, ապա տեղական մատակարարը 243-ից բարձրացնում է 392 դոլարի՝ խոշոր սպառողների համար (ամսական 10 հազ. խմ-ից ավելի) եւ 132 հազ. դրամից (մոտ 320 դոլար) մինչեւ 221 հազ. դրամ (մոտ 530 դոլար) – փոքր սպառողների համար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























