Քաղաքագետ Արկադի Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Վարդանյանի փաստաբան Նարինե Ռշտունին:

Վերջինս հայտնել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր` մայիսի 21-ին երկամսյա կալանքի որոշում է կայացրել Վարդանյանի նկատմամբ: Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչում եւ հայտարարում է, թե կապ չունի հանցագործության հետ: «Դատարանը ստանդարտ, առանց հիմնավորումների որոշում կայացրեց, բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը»,- նշեց փաստաբանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով ԱԱԾ մամուլի կենտրոնին, Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Երեւան քաղաքում ձերբակալվել էին Արսեն Ռոբերտի Ավետյանը եւ Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:

Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը եւ Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել եւ պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:

Իիրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռեւս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ եւ 8-րդ կետերի հատկանիշներով / մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն/: