Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին մայիսի 21-ին երկրորդ անգամ հարցաքննության է ներկայացել Քութայիսի շրջանային դատախազություն՝ կեղծ աշխատատեղերի գործով, որոնք «Միասնական ազգային շարժումը» ստեղծել էր  2012թ.՝ աշխատանքի տեղավորման պետական ծրագրի իրականացման նպատակով:

Հարցաքննության է հրավիրվել նաեւ Կախեթիայի նահանգապետ, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին:

 «Երբ ես վարչապետ էի, մեր գլխավոր խնդիրը աշխատատեղերն էին, եւ խորհրդանշական է, որ ես դրանց առնչվող հարցերի պետք է պատասխանեմ», - ասել է Մերաբիշվիլին՝ հավելելով, որ Վրաստանի կառավարությունը ճիշտ կաներ ոչ թե հարցաքննություններով զբաղվեր, այլ լուծեր աշխատատեղերի խնդիրը:

«Նովոստի-Գռուզիան» հստակեցնում է, որ 2012թ. Վրաստանի բոլոր շրջաններից  21 837 անձի հետ արտահաստիքային աշխատանքի պայմանագրեր էին կնքվել: Այդ անձինք պետք է հաշվառեին աշխատանք փնտրողներին: Հետաքննությունը պարզել է, որ վերջիններս Սոցիալական զարգացման գործակալությունից աշխատանքի վերաբերյալ ոչ մի ցուցում եւ առաջադրանք չեն ստացել: Եվ, դրան զուգահեռ, սեպտեմբերին այդ բոլոր անձանց 240 լարի (144 դոլար) աշխատավարձ է վճարվել: Պետբյուջեից նրանց հատկացվել է ընդհանուրը 5 մլն 240 հազար լարի (մոտ 3 մլն 157 հազար 156 դոլար):